Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հայ աշխարհռչակ նկարիչ Հովհաննես Այվազովսոկու հուշարձանը ոչնչացնելուց հետո, հիմա էլ Բաքվում առաջարկում են քանդել Արցախի խորհրդանիշը դարձած «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») արձանը:
«Կրեմլին սպասարկող լրատվամիջոցների հիստերիկ արձագանքները Խանքենդիում (Ստեփանակերտում) հայտնի ռուս և հայ նկարիչ Իվան Այվազովսկու (իսկական անունը՝ Հովհաննես Այվազյան) հուշարձանի քանդմանը և դրա «հայրենի նավահանգիստ» վերադարձին, այսինքն՝ այնտեղ, որտեղից այն առաջին անգամ բերվել է, միայն սկիզբն են Ղարաբաղի տարածաշրջանը հայկական անջատողականության և խորհրդային խավարի խորհրդանիշներից մաքրելու գործընթացի»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ադրբեջանցի քաղաքագետ Ռամիզ Յունուսը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նա նշել է, թե հուշարձանի քանդումը «բացարձակապես արդարացված որոշում է և պետք է օրինակ ծառայի ապագա քայլերի համար»։
«Հայտնի է, որ երբ մետաստազները տարածվում են մարդու մարմնում, երբեմն անհրաժեշտ է լինում անհապաղ վիրաբուժական միջամտության: Նույն կերպ, որպեսզի հայկական քաղցկեղային ուռուցք «միացում»-ը կրկին չաճի ադրբեջանական հողի վրա, այս խորհրդանիշները պետք է վիրաբուժական ճանապարհով հեռացվեն արմատներով։ Սա վերաբերում է Խորհրդային Միության ժամանակների բոլոր հուշարձաններին, այդ թվում՝ 1967 թվականին Խանքենդիում (Ստեփանակերտ) տեղադրված և, այսպես կոչված, «ԼՂՀ»-ի զինանշանի վրա պատկերված «Պապիկն ու տատիկը» տգեղ պատվանդանին»,- գրել է նա։
Բացի այդ, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Գուդրատ Հասանգուլևն ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում առաջարկել է քանդել հանրահայտ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը և դրա տեղում ադրբեջանցի զինվորին նվիրված հուշարձան տեղադրել։
«1988 թվականից ի վեր հայ անջատողականների կողմից կառուցված ցանկացած հուշարձան պետք է ապամոնտաժվի։ Նման հուշարձանները տարիների ընթացքում վերաբացում են անջատողականության պատճառած վերքերը և հիշեցնում մեզ պատերազմի ցավի մասին»,- ասել է Հասանգուլիևը՝ հայտարարելով, թե Ստեփանակերտ պետք է Ադրբեջանի երկրորդ մայրաքաղաք հռչակվի։
Մեկ այլ պատգամավոր Ֆազաիլ Իբրահիմլին էլ ասել է, որ կարևոր է համարում Ստեփանակերտում հայկական հետքերի լիակատար վերացումը։
«Խանքենդիում (Ստեփանակերտում) կան տգեղ պատկերներ, և դրանք, բնականաբար, պետք է վերացվեն այնտեղից: Հայ ժողովուրդը մեր պատմության մեջ կոտորած է արել։ Ես սա բազմիցս ասել եմ և կրկնում եմ՝ որոշ ազգերի միջև հակամարտությունները ժամանակի ընթացքում մոռացվում են, բայց հայերի կողմից մեր դեմ կատարված վայրագություններն այնքան խորը սպիներ են թողել, որ մենք այս ցավը զգում ենք ամեն տարի»,- ասել է նա։
Հավելենք, որ Արցախի խորհրդանիշերից մեկը հանդիսացող «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը տեղադրվել է 1967 թվականին: Հեղինակը քանդակագործ Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը: Ստեփանակերտի մուտքի մոտ՝ բլրի գագաթին գտնվող քանդակը պատրաստված է կարմիր տուֆից: Այն արցախյան հողում հայ ժողովրդի արմատների խորհրդանիշն է։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի