Կրասնոդարի երկրամասում հեղեղումներ են․ Տուապսեում գետի վարարումից կամուրջ է փլուզվել

Կրասնոդարի երկրամասի երեք գյուղ է հեղեղվել ուժեղ տեղումներից և Դեֆան գետի ջրի մակարդակի բարձրացումից։ Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունը, փոխանցում է ТАСС-ը:

«Մոսկվայի ժամանակով 09:20-ին հաղորդում է ստացվել, որ տեղացած առատ տեղումների հետևանքով Դեֆան գետի ջրի մակարդակը բարձրացել է, ինչի հետևանքով Տուապսեի շրջանի Մոլդովանովսկի, Նովոմիխայլովսկի և Դեֆանովկա բնակավայրերում տեղի է ունեցել տնամերձ տարածքների ջրածածկում», – նշված է հաղորդագրության մեջ:

Ջրածածկման հետևանքները վերացնելու աշխատանքներին ներգրավված են 57 մարդ և 15 միավոր տեխնիկա։

Տուապսեի շրջանի Լերմոնտովո գյուղում գետի վարարումից փլուզվել է կամուրջ։ Ինչպես հայտնում է ոստիկանության տարածքային վարչությունը, կամրջի փլուզման հետևանքով փակվել է մի քանի փողոցի հասանելիություն:  Տեղում աշխատում են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, որոնք վարորդներին հորդորում են նախապես պլանավորել այլընտրանքային երթուղիներ։

Դեֆանովկա գյուղում էլ ավտոբուսը կամրջից ընկել է գետը։ Փրկարարներին հաջողվել է ուղևորների կյանքը փրկել։

Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենյամին Կոնդրատևը հայտնել է, որ Տուապսեի շրջանում երեխաների զբոսաշրջային խմբերի տարհանում է իրականացվում։

«Հետևում եմ Տուապսեի շրջանի իրավիճակին։ Եղանակային պայմանները շարունակում են մնալ բարդ։ Գետերում ջրի մակարդակը բարձրացել է։ Փրկարարներն այժմ տարհանում են հանգստացող մանկական խմբերը», – գրել է նա Telegram-ում:

Տուապսեի շրջանի ղեկավար Սերգեյ Բոյկոյի խոսքով՝ Լերմոնտովո գյուղում կամրջի փլուզման հետևանքով շուրջ 300 տուն կտրվել է ճանապարհից։ Իշխանությունները հիմա փորձում են գտնել այլ ճանապարհներ՝ բնակիչների անցանելիությունը ապահովելու համար։

Leave a Comment