Իսրայելցի ծայրահեղական նախարարն աղոթել է Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում

Իսրայելի ազգային անվտանգության ծայրահեղ արմատական նախարար Իտամար Բեն-Գվիրը կիրակի օրը այցելել է Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի համալիր և հայտարարել, որ այնտեղ աղոթել է՝ խախտելով Մերձավոր Արևելքի ամենազգայուն վայրերից մեկի կանոնները, հայտնում է Reuters-ը։ 
Տասնամյակներ շարունակ մուսուլմանական իշխանությունների հետ կնքված «ստատուս քվոյի» փխրուն համաձայնագրով, Ալ-Աքսա համալիրը գտնվում է հորդանանյան կրոնական հիմնադրամի վարչության ներքո, և հրեաները կարող են այցելել այն, բայց չեն կարող այնտեղ աղոթել։ 
«Տաճարի լեռան վարչակազմ» կոչվող փոքր հրեական կազմակերպության հրապարակած տեսանյութերում երևում է, թե ինչպես է Բեն-Գվիրը գլխավորում համալիրի տարածքում զբոսնող խումբը։ Համացանցում հայտնվել են այլ տեսանյութեր, որոնցում Բեն-Գվիրը աղոթում է։
Այցը համալիր, որը հրեաներին հայտնի է որպես Տաճարի լեռ, տեղի է ունեցել Տիշա բի-Ավի օրը՝ պահքի օր, որը նվիրված է դարեր առաջ այդ վայրում կանգնած երկու հին հրեական տաճարների ավերմանը։ 
Վակֆը՝ համալիրը կառավարող հիմնադրամը, հայտնել է, որ Բեն-Գվիրը եղել է ևս 1250 մարդկանց թվում, որոնք բարձրացել են այդ վայր և, նրա խոսքով, աղոթել, բղավել ու պարել են։ 
Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը ճանաչում է կանոնները, որոնք սահմանափակում են ոչ մուսուլմանական աղոթքը համալիրի տարածքում, որը իսլամի երրորդ ամենասուրբ վայրն է և ամենասուրբը՝ հուդայականությունում։ 
Նախկինում Բեն-Գվիրն այցելել է այս վայր՝ կոչ անելով թույլատրել հրեական աղոթքն այնտեղ և դրդելով վարչապետ Բենյամին Նեթանյահուին հանդես գալ հայտարարություններով, որ դա Իսրայելի քաղաքականությունը չէ։ Բեն-Գվիրը իր հայտարարության մեջ ասել է, որ աղոթել է Գազայի պատերազմում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման նկատմամբ Իսրայելի հաղթանակի և Գազայում գրոհայինների կողմից պահվող իսրայելցի պատանդների վերադարձի համար։ Նա կրկնել է իր կոչն Իսրայելին՝ նվաճել ամբողջ անկլավը։

Leave a Comment