
«Սյունիքի դարպասներ» կամ ժողովրդական խոսքում տարածված՝ «Սյունիքի զանգեր» հուշարձանը կվերականգնվի, տարածքը կվերանորոգվի։
Սիսիանի լեռնանցքի ամենաբարձր կետում՝ ծովի մակերևույթից 2344 մ բարձրության վրա գտնվող Վայք – Սիսիան մայրուղու երկու կողմում վեր խոյացող աշտարակաձև հուշարձանները կառուցվել են 1987 թվականին:
Սյունիքի մարզի մուտքը խորհրդանշող դարպասների վրա փորագրվել է պատմահայր Խորենացու վկայությունն այն մասին, որ Գեղամի որդի «…Սիսակն այստեղ բնակվելով, իր բնակության սահմանները լցնում է շինություններով և երկիրը իր անունով կոչում է Սյունիք, բայց պարսիկներն ավելի ճիշտ կոչում են Սիսական»:

Դարպասների վրա փորագրված են նաև Զանգեզուր, Վայոց Ձոր և Սիսիան տեղանունները: Աշտարակներից կախված են զանգեր, կան նաև արծվի, թրի ու վահանի պատկերաքանդակներ:

Հուշարձանի ճարտարապետն է Արեգ Իսրայելյանը, իսկ քանդակագործը՝ Գետիկ Բաղդասարյանը: