Խաղաղության պայմանագրի նախաստորագրելը հերթական գլուխ հարդուկելու տերմինոլոգիան է, որի տակ ոչինչ չկա. Քոչարյան

Կարո՞ղ եք բացատրել, թե ինչ է նշանակում նախաստորագրություն. ես 10 տարի նախագահ եմ եղել, ստորագրել եմ բազմաթիվ պայմանագրեր, երբեք չի եղել նախաստորագրելու տարբերակը։ Այս մասին, օգոստոսի 1–ին, «5–րդ ալիքին» տված հարցազրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի հնարավոր նախաստորագրմանը։

«Եթե տարաձայնությունները շատ են, չկա ստորագրելու պայմանագիր։ Եթե խոսում են նախաստորագրման մասին, ապա ենթադրաբար մինչև ընտրությունները մի թուղթ են տալու, որը որևէ իրավական հետևանք չի կարող ունենալ և որևէ պարտավորություն չի նշանակում։ Նախաստորագրելը հերթական գլուխ հարդուկելու տերմինոլոգիա է, որի տակ ոչինչ չկա։ Իրեն հարգող մարդը չի կարող այդ տերմինաբանությունը լուրջ ընդունել»,–ասաց նա։

Հարցին՝ այս պահին իր կարծիքով բանակցություններում ինչ է քննարկվում, նա պատասխանեց.

«Քննարկվում է, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը, որը ենթադրում է դեռ մի քանի պայմանների կատարում, որը Ադրբեջանի ասելով ամենաբարձր մակարդակով ասել են, որ չեն անելու մինչև չլինեն սահմանադրության փոփոխություն, մինչև չլուծարվի Մինսկի խումբը, բայց ենթադրում եմ՝ կապված որոշակի ընտրական պրոցեսների հետ կարող է նախաստորագրվող մի թղթի կտոր տան Հայաստանին՝ ընտրազանգվածի վրա ազդելու համար»։

ՀՀ երկրորդ նախագահը անդրադարձավ  նաև այն հարցին, թե ինչու է խաղաղության օրակարգի դրոշը կրողը դարձել Նիկոլ Փաշինյանը.

«2018–ի հեղափոխությունը ի՞նչ կարգախոսներով էր։ Երեք հիմանական թեմա էր՝ սոցիալական արդարություն, կոռուպցիայի դեմ պայքար և ժողովրդավարություն։ Չի եղել խաղաղության օրակարգ։ Երբ Նիկոլ Փաշինյանը հրահրեց պատերազմ, նրա երկու տարվա ելույթները ոչմիթիզական, ազգայնական առաջնորդի ելույթներ էին։ Պատերազմի պարտությունից վախեցած ժողովրդի համար օրակարգային դարձավ խաղաղության թեման։ Ինքը բերեց այդ պարտությունը և այդ պարտությունից առաջացրած խաղաղության օրակարգի դրոշը վերցրեց։ Ինքը ձախողել է և սոցիալական արդարությունը, և կոռուպցիայի դեմ պայքարը, և ժողովրդավարությունը։ Ես համարում եմ, որ ինքը դավաճանել է բոլոր այն գաղափարներին, ինչի ազդեցության տակ 2018 թվականին եղավ իշխանափոխություն։

Ինքը բերեց պարտություն և ինքը այդ պարտությունը սարքեց իրեն հետագա իշխանության մնալու դրոշակը»։

 

 

Leave a Comment