Ալիևը հույս ունի և համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը նաև այստեղ է զիջելու․ Ռոբերտ Քոչարյան

«Ալիևը Նիկոլ Փաշինյանից ստացել է բոլոր իր ցանկությունների կատարումը։ Նիկոլ Փաշինյանը համաձայնվում էր ամեն ինչի հետ։ ՍԿզբից մերժում է, հետո մի քայլ հետ է քաշվում, հետո՝ երկու քայլ, հետո համաձայնվում է ամբողջությամբ բոլոր պահանջների հետ։ Ալիևը, այո, հույս ունի և համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը նաև այստեղ զիջելու է»,- այս մասին, օգոստոսի 1–ին, «5–րդ ալիքին» տված հարցազրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ի՞նչ է զիջելու ճշտող հարցին ՀՀ երկրորդ նախագահը պատասխանեց․

«Ինչի՞ն է պետք Ալիևին ամերիկյան ընկերությունը։ Ալիևին պետք է ամբողջությամբ իր կողմից վերահսկվող միջանցք։ Նպատակը սա է»։

Լրագրողը ևս մեկ ճշտող հարց տվեց․ «Այսինքն նաև Հայաստանի տարածքով անցնող հատվածի ամբողջական վերահսկողությո՞ւն»։

«Իհարկե, նա շատ պարզ ասել է, որ չպետք տեսնի սահմանապահին, չպետք է տեսնի որևէ հայի ընդհանրապես։ Նիկոլ Փաշինյանը դա փայլուն ձևով բացատրում է ներքին լսարանին սկզբից մի փոքր դոզայով, հետո դոզան մեծացնելով։ Մեր աչքի առաջ էր «Արցախը Հայաստան է և վերջ», հետո պարզվում է, որ դա նշանակում է՝ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, և այսպես շարունակ։ 

Հիմա ի՞նչ է ասում ներքին լսարանի համար։ Ասում է՝ մենք կորցրել ենք Արցախը, ձեռք ենք բերել Հայաստանի Հանրապետությունը։ Սա նույնն է, որ, օրինակ, մեկը վթարի ենթարկվի, կորցնի իր ոտքը և հետո ուրախությամբ ասի՝ ես քաշ եմ քցել։ Մոտավորապես այսպես է։ Եվ կա մի զանգված, որը նաև նման կարգի հիմնավորումներ ընդունում է, սա փաստ է։ Նիկոլ Փաշինյանը այդ մանիպուլյատիվ բացատրությունների մեջ ուղղակի չեմպիոն է։ Նույնիսկ մի քիչ ուրիշ ձև կասեի՝ ստախոսության բիոսարք, որը ուղղակի ստեղծված է ստելու համար, ստելու համար, ստելու համար և այդ սուտը՝ ինչ-որ ժամանակ կրկնվելով, Հեբելսյան ոճով սկսվում է զանգվածների կողմից դիտվել որպես ճշմարտություն»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a Comment