44-ամյա ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբերլեյքի մոտ վտանգավոր հիվանդություն է ախտորոշվել

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ 44-ամյա ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբերլեյքը խոստովանել է, որ իր Forget Tomorrow համաշխարհային շրջագայության ժամանակ վարակվել է Լայմի հիվանդությամբ։
«Ես առողջական որոշ խնդիրներ ունեի, ինձ մոտ Լայմի հիվանդություն ախտորոշվեց։ Սա չեմ ասում, որպեսզի դուք ինձ կարեկցեք, բայց ուզում եմ լույս սփռել այն բանի վրա, թե ինչի հետ եմ ստիպված եղել գործ ունենալ կուլիսներում», – գրել է երգիչը սոցցանցում։
Թիմբերլեյքի խոսքով՝ նա բեմ է բարձրացել ուժեղ նեվրալգիայի, սրտխառնոցի և հոգնածության զգացողությամբ: Այնուամենայնիվ, նա չի չեղարկել համերգները և շարունակել է շրջագայությունը:
Լայմի հիվանդությունը տզերի միջոցով տարածվող վարակ է: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Միացյալ Նահանգներում ամեն տարի մոտ 500,000 ամերիկացիների մոտ ախտորոշվում է այս հիվանդությունը: