400 լիտր սպիրտ, 100 շիշ շամպայն և կոնյակ․ Վանաձորում շշալցրել են ալկոհոլային կեղծ խմիչքներ և վաճառել (ՎԻԴԵՈ)

Շշալցնողը կեղծ խմիչքները վաճառել է իր խանութում․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի Մոսկովյան փողոցում գտնվող պահեստներում շշալցվում են ալկոհոլային կեղծ խմիչքներ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։


Ըստ տեղեկության` շշալցնողը դրանք նաև վաճառում էր Վանաձորի Շիրվանզադեի փողոցում գտնվող իր խանութում:


Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Պահեստներից մեկում իրավապահները հայտնաբերեցին տարատեսակ խմիչքների հինգ հազարից ավելի դատարկ շիշ, շշալցման սարք, մեծ քանակի խցաններ ու պիտակներ, տարաներով 400 լիտր սպիրտ, 100 շիշ շամպայն ու կոնյակ:


Մյուս երկու պահեստներում կար տարատեսակ օղիների, գինիների ու կոնյակների երկու հազարից ավելի շիշ:


Իրավապահներն այցելեցին նաև Շիրվազանդեի փողոցում գտնվող խանութ: Այստեղ կային «ՔյուԱռ» կոդեր, խցաններ, սպիրտով լցված տարաներ, իսկ ցուցափեղկին շարված էր պահեստներում հայտնաբերված կեղծ խմիչքների տեսականին:


Պահեստները տնօրինողը, նույն ինքը` խանութի տերը հայտնել է, որ իրավապահների հայտնաբերածը իրենն է:


Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են: 


Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Leave a Comment