Վրաստանում սպասվում է սելավային հոսանք.դադարեցվել է Ռուսաստանի հետ սահմանին երթևեկությունը


Միջազգային

Վրաստանի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը տագնապի ազդանշան է ստացել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող Դևդորակի թունելի տարածքում տեղադրված վաղ նախազգուշացման համակարգից, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։

Այդ համակարգն արձանագրում է գետի հունի հոսքի մակարդակի ամենաանշան փոփոխությունը։

Ինչպես նշվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ, ըստ արձանագրության՝«Դարիալի» անցակետից անվտանգ վայր է տարհանվել պարեկային ոստիկանության, մաքսային ծառայության, սահմանային ոստիկանության, ինչպես նաև այս անցակետում աշխատող մասնավոր ընկերությունների բոլոր աշխատակիցները։


«Ներքին գործերի նախարարության բոլոր համապատասխան ստորաբաժանումները տեղում են՝ իրավիճակը վերահսկելու համար։ Տուժածներ չկան»,- ասված է հայտարարության մեջ։

Միաժամանակ, կանխարգելիչ նպատակներով, արգելափակվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Վրաստանի ՆԳՆ-ն ընդգծում է, որ ճանապարհը երկկողմանի փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար։

Leave a Comment