Գրիգոր Ղազարյանը սահմանել է նոր ռեկորդներ և դարձել Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն


Սպորտ

Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականի անդամ Գրիգոր Ղազարյանը դարձել է Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն՝ նվաճելով երեք ոսկե մեդալ և սահմանելով մի քանի ռեկորդներ:

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող Եվրոպայի առաջնությունում 84 կգ քաշային կարգում հանդես եկող հայ մարզիկը պոկում վարժությունում կատարել է երեք հաջող մոտեցում՝ 140 կգ, 145 կգ և 148 կգ: Վերջին արդյունքով նա սահմանել է  պատանեկան Եվրոպայի նոր ռեկորդ և զբաղեցրել առաջին հորիզոնականը:

Հրում վարժությունում Ղազարյանը սկսել է 180 կգ արդյունքով՝ սահմանելով Եվրոպայի նոր ռեկորդ ինչպես հրում վարժությունում, այնպես էլ երկամարտում: Այնուհետև թարմացրել է  սեփական ցուցանիշները՝ հերթականությամբ բարձրացնելով 185 կգ և 190 կգ ծանրություն: Այս վարժությունում ևս Ղազարյանը զբաղեցրել է առաջին տեղը:

Երկամարտի 338 կգ ընդհանուր արդյունքով Գրիգոր Ղազարյանը դարձել է 2025 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն:

Leave a Comment