Հնդկաստանի խոշորագույն պետական նավթավերամշակման գործարանները ժամանակավորապես դադարեցրել են ռուսական նավթի գնումները, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով արդյունաբերական աղբյուրներին:
Ընկերությունների թվում են Indian Oil Corporation-ը, Bharat Petroleum-ը, Hindustan Petroleum-ը և Mangalore Refinery and Petrochemicals-ը: Գործակալության տվյալներով՝ անցյալ շաբաթ այս ձեռնարկությունները Ռուսաստանից նավթի մատակարարման հարցումներ չեն ուղարկել՝ կենտրոնանալով այլընտրանքային աղբյուրների վրա, այդ թվում՝ Պարսից ծոցի և Արևմտյան Աֆրիկայի երկրների վրա:
Այս քայլը երկու գործոնի արձագանք էր՝ ռուսական նավթի մրցունակության նվազումը՝ զեղչերի կրճատման և Վաշինգտոնի կողմից ճնշման աճի պատճառով: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում սպառնացել էր 100 % մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանից նավթի ներմուծման և այն երկրներից ապրանքների վրա, որոնք շարունակում են այն գնել:
Հետագայում պարզ դարձավ, որ սա հիմնականում վերաբերում է Մոսկվայի խոշորագույն ասիական հաճախորդներին, այդ թվում՝ Հնդկաստանին: Կարճ ժամանակ անց Սպիտակ տունը պարզաբանել է, որ նոր տնտեսական միջոցառումները կազդեն նաև ռազմական պայմանագրերի և ռուսական էներգետիկ ռեսուրսների մատակարարումների վրա:
Միևնույն ժամանակ, հնդկական մասնավոր հսկաներ Reliance Industries-ը և Nayara Energy-ն շարունակում են ռուսական նավթ գնել՝ մնալով շուկայում դրանց խոշորագույն սպառողների շարքում:
Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն 50 օրից Ռուսաստանի նկատմամբ 100%-ի չափով երկրորդական մաքսատուրքեր կսահմանի՝ Ուկրաինական կարգավորման հարցում առաջընթացի բացակայության դեպքում։
