Microsoft-ն իր Edge բրաուզերում ավելացրել է ԱԲ-ով գործող Copilot ռեժիմը, որն օգնում է ավելի արդյունավետորեն փնտրել, ուսումնասիրել և առաջադրանքներ կատարել։
Միացնելով այս ռեժիմը՝ օգտատերերը կարող են ստանալ աջակցություն իրական ժամանակում, այնպիսի հարցերում, ինչպիսիք են՝ բովանդակության ամփոփումը, կայքէջերի մասին հարցերի պատասխանների տրամադրումը, բաղադրատոմսերի այլընտրանքային տարբերակները կամ հաղորդագրությունների ձևակերպումը՝ առանց տեղեկատվությունը կրկնօրինակելու և առանձին չատբոտում տեղադրելու անհրաժեշտության։
Copilot-ը կարող է օգնել նաև առօրյա գործերում, որոնց թվում են՝ թռիչքների ամրագրումը, գնումների ցանկ կազմելը կամ ապրանքներ համեմատելը մի քանի tab-երում։ Թեև այս գործառույթը դեռ փորձնական փուլում է, այն հասանելի է Mac և PC օգտատերերի համար անվճար և տալիս է ձայնային կարգադրություների հնարավորություն։
Microsoft-ը շեշտում է, որ Copilot-ը կարող է տեսնել փնտրված բովանդակությունը միայն օգտատիրոջ թույլտվությամբ՝ տեսանելի նշանների կամ ծանուցումների միջոցով այդ մասին տեղյակ պահելով։ Չնայած այն կարող է բարձրացնել արդյունավետությունը, որոշ օգտատերեր գուցե զգուշավոր լինեն իրենց փնտրած տեղեկատվությունը ԱԲ-ին հասանելի դարձնելու հարցում։