Մայիսյանում խոզաբուծարան կհիմնվի

Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում խոզաբուծարան կհիմնվի։

Կառավարությունն ընդունել է ««Իջևանյան բեկոն» ՍՊԸ-ի՝ ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղում խոզաբուծարանի հիմնման ներդրումային ծրագրին հավանություն տալու, ծրագրի իրականացման նպատակով առանց մրցույթի հողամաս վարձակալության իրավունքով տրամադրելուն և հողամասեր ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու, ուղղակի վաճառքի ձևով օտարման պայմանագրի հիմնական պայմանները սահմանելու մասին» որոշում:

««Իջևանյան բեկոն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019-ին, հիմնադիրները 50% բաժնեմասով Ուկրաինայի քաղաքացիներ Ֆրունզե Ղազարյանը եւ Սանասար Կույումչյանն են։

«Ներդրումային ծրագրով ընկերությունը նախատեսում է 110 կգ կենդանի քաշով ապրանքային խոզերի արտադրություն:

Ներդրումային ծրագրի ամբողջ ծավալը կազմում է 2 091 192 203 դրամ: Ըստ հիմնավորման՝ Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող վերոնշյալ հողամասերն այս պահին վերածվել են աղբանոցի և ներդրումային ծրագրի իրականացումը կխթանի համայնք-մասնավոր հատված համագործակցությունը, կվերացնի ստեղծված աղբանոցը և գործունեության արդյունքում առաջացած գոմաղբը կօգտագործվի հողերի բարելավման նպատակով։

Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում համայնքում կստեղծվի շուրջ 49 նոր աշխատատեղ»,- ասված է Կառավարության հաղորդագրության մեջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment