Մինչ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ Սյունիքով ճանապարհ բացելուց հետո «այդտեղով երթևեկող ադրբեջանցիները չպետք է հայ սահմանապահ տեսնեն», հայկական կողմը հայտարարում է, որ այդ ճանապարհի բացումը կնպաստի Հայաստանի զարգացմանը, իսկ ո՞վ պետք է այն հսկի՝ իշխանությունները լռում են։
Մինչև այս պահը ՀՀ իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, միայն հաստատել է, որ ամերիկյան կողմից առաջարկ են ստացել՝ 100 տարով վարձակալելու և վերահսկելու այդ ճանապարհը։
Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանի խոսքով, եթե այդ ճանապարհը բացվի, և այնտեղ հսկողություն իրականացնի հայկական կողմը՝ հայ սահմանապահները, նշանակում է՝ այն սովորական ճանապարհ է լինելու, ինչպես այլ երկրների դեպքում է, իսկ եթե հայկական կողմից չի լինելու հսկողություն, ապա այն արդեն ոչ թե ճանապարհ է լինելու, այլ «միջանցք»։
«Մենք պետք է արդյունքը տեսնենք՝ եթե այդ ճանապարհը պետք է լինի այլ պետության հսկողության տակ, ուրեմն՝ լինելու է «միջանցք» և Թուրքիայի «Թուրանի» դարավոր երազանքը կատարվելու է։
Մենք այս գործընթացի վերջնական արդյունքից տեղեկություններ չունենք։ Մեր երկրում երևի մի քանի մարդ գիտի, թե վերջնական ինչ պետք է լինի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ամատունի Վիրաբյանը։
Նա վստահեցնում է՝ Ադրբեջանը վաղուց ստորագրած կլիներ «Խաղաղության պայմանագիրը», եթե այս հարցում խնդիրներ չլինեին, եթե չի ստորագրել, նշանակում է՝ խնդիր կա։
«Հայկական կողմը հավանաբար փորձում է դիմադրել, գնում է Ֆրանսիա, Բրյուսել, փորձում է Եվրոպայից օգնություն ստանալ։ Պետք է հստակ տեղեկություն իմանալ՝ ինչ է կատարվում, որպեսզի հնարավոր լինի հստակ պատասխանել, թե ինչ է լինելու։
Այս պահին իմ պատասխանը հետևյալն է՝ եթե այնտեղ սահմանի երկու հատվածներում լինելու են հայ սահմանապահներ և մաքսավորներ, ապա լինելու է ճանապարհ, ինչպես շատ երկրների միջև է լինում ճանապարհ, իսկ եթե չի լինելու, հսկողությունը հանձնելու են ուրիշ պետության, ուրեմն՝ դառնալու է «միջանցք», պարզ բան է։
Երբ խոսում են ամերիկյան կողմի վերահսկողության մասին, ուզում եմ հասկանալ, թե ինչպե՞ս է վերահսկելու, զո՞րք է բերելու այնտեղ կանգնեցնի, ավելին՝ ո՞ւմ շահերն է պաշտպանելու, ի՞նչ է անելու, մենք ի՞նչ կարող ենք իմանալ, միայն ժամանակը կարող է ցույց տալ»,- շեշտեց Ամատունի Վիրաբյանը։
Ամատունի Վիրաբյանը նաև պնդում է՝ եթե այդ ճանապարհին չլինեն հայ սահմանապահներ, նշանակում է՝ Հայաստանի միակ ճանապարհն Իրանի հետ փակվելու է։
«Հայաստանի համար մնալու է մի կիսավտանգավոր՝ վրացական ճանապարհը, այն էլ, ինչպես գիտեք՝ չեն թողնում գազը ներմուծվի, կոնյակն արտահանվի, և այլն։ Չգիտեմ՝ ինչ ասել, ես արդեն չեմ հասկանում, թե ինչ է տեղի ունենում»,- ընդգծեց Ամատունի Վիրաբյանը։