Թվականը հայտնի է, օրը՝ ոչ․ Սնուփ Դոգի փոխարեն Հայաստանում կերգի Ջենիֆեր Լոպեսը

Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրա­պետական» մարզադաշտում, համերգ կունենա Ջենիֆեր Լոպեսը: Համերգը կլինի այս տարի, օրը, սակայն, հայտնի չէ։ Կառավարությունը այսօրվա՝ հուլիսի 31-ի նիստում որոշեց «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծում Snoop Dogg բառերը փոխարինել Ջենիֆեր Լոպես բառերով:

Հիշեցենք, որ Սնուփ Դոգի համերգի համար կառավարությունը «Դոպինգ Սփեյս» ընկերությանը 2023 թվականի օգոստոսի 11-ի նիստում որոշմամբ հատկացրել էր 2 մլրդ 318 մլն 596 հազար 8 հարյուր դրամ։

Այդ համերգը, սակայն, չկայացավ։

2025 թվականին իրականացվող միջոցառման համար «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ին  հավելյալ ֆինանսավորում չի տրամադրվելու։

Կառավարության հիմնավորման համաձայն, Ջենիֆեր Լոպեսի հայաստանյան համեգը բխում է «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության» 4-րդ գլխավոր նպատակի 4.2 կետից, այն է՝ «Հայաստանի ճանաչելիության բարձրացում» և 4-րդ գերակայությունից, այն է՝ Հայաստանի դիրքավորումը որպես համաշխարհային քաղաքակր­թական արժեքների կրող և ստեղծող երկիր, որն իր հերթին կնպաստի մշակութային զբոսաշրջության զարգացմանն ու ընդլայնմանը:

Leave a Comment