Արմինֆո. Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Նյու Յորքում ընթացող «Երկու պետություն սկզբունքի հիման վրա Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորմանը» նվիրված նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպել է Պաղեստինի Պետության ԱԳ և արտագաղթյալների հարցերով պետնախարար Վարսեն Աղաբեկյանի հետ։
Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ընթացքին, մտքեր փոխանակել հնարավոր համատեղ ծրագրերի շուրջ:
Գոհունակությամբ արձանագրվել է պաղեստինցի դիվանագետների մասնակցությունը Հայաստանի դիվանագիտական դպրոցի կողմից իրականացված օտարերկրյա դիվանագետների վերապատրաստման ծրագրին:
Վահան Կոստանյանը և Վարսեն Աղաբեկյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների վերաբերյալ: