imID եւ Viva ընկերությունները պաշտոնապես հայտարարել են, որ Viva-ի կողմից մշակված եւ ներդրված Mobile ID համակարգը այժմ ամբողջությամբ փոխանցվել է imID-ին։
Պայմանագիրը ստորագրել են ընկերությունների ղեկավարները՝ Կարեն Մկոյանը (imID) եւ Արմեն Ավետիսյանը (Viva)։
Mobile ID-ի ձեռքբերումը նշանակում է, որ Հայաստանի թվային ինքնության առանցքային տեխնոլոգիան այժմ կառավարելու է միակենտրոն, համախմբող եւ ռազմավարական նշանակության հարթակ imID-ն։ Այս փոփոխությունը թույլ է տալիս համախմբել բոլոր երեք հեռահաղորդակցային օպերատորի եւ տասը առաջատար բանկի՝ մեկ ազգային ենթակառուցվածքի ներքո։
«Viva-ն իր տեխնոլոգիական փորձը եւ երկարամյա փորձառությունը փոխանցում է imID-ին՝ հավատալով, որ նոր կառուցվածքի ներքո Mobile ID-ն կզարգանա առավել լայն թափով եւ կունենա համապետական նշանակություն։ Սա կարեւոր քայլ է Հայաստանի թվայնացման ուղղությամբ», – նշել է Արմեն Ավետիսյանը։
imID-ը, որը հիմնադրվել է 2024 թվականին բանկերի եւ հեռահաղորդակցական ընկերությունների կողմից, գործում է որպես վստահության ծառայություններ մատուցող (Trust Service Provider)՝ նպատակ ունենալով ստեղծել ժամանակակից թվային ինքնության էկոհամակարգ։
Mobile ID-ի ձեռքբերումը նաեւ հիմք է ստեղծում ծառայությունների արդիականացման եւ նորարարական լուծումների ներդրման համար՝ հասանելի դարձնելով ապահով թվային նույնականացում եւ էլեկտրոնային ստորագրություն Հայաստանի բոլոր քաղաքացիների համար։
«Մենք պատրաստում ենք ծառայությունների լայնածավալ փաթեթ, որը կբերի ոչ միայն տեխնոլոգիական արդիականացում, այլեւ՝ զգալի առաջընթաց թվային հասարակության կառուցման ճանապարհին։ Viva-ից ձեռք բերված Mobile ID լուծումը, որին արդեն ինտեգրված են Յուքոմ եւ Թիմ Տելեկոմ Արմենիա հեռահաղորդակցության ընկերությունները, համատեղ ուժերով կվերափոխվի՝ դառնալով մատչելի, արագ եւ անվտանգ ինքնության հաստատման գործիք յուրաքանչյուրի համար՝ պետական, մասնավոր եւ անհատական մակարդակներում», – նշել է Կարեն Մկոյանը։
Այս ձեռքբերումը նոր ազդակ է տալիս Հայաստանի թվային փոխակերպման գործընթացին՝ մոտեցնելով այն միջազգային չափանիշներին եւ նպաստելով Հայաստանի ինտեգրմանը համաշխարհային թվային էկոհամակարգերին։