Կամչատկայի մոտակայքում տեղի է ունեցել 8.7 մագնիտուդով երկրաշարժ։ Ցնցումները զգացվել են նաև Սախալինում։
Երկրաշարժի ուժի մասին է վկայում այն, որ եկեղեցու զանգակատունն այնպես է ճոճվել, որ զանգերը սկսել են ղողանջել (Տեսանյութում)
«Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր չկան։ Բոլոր ծառայությունները բնականոն աշխատում են», – հայտնել է տարածաշրջանային արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիան նշել է, որ այս երկրաշարժը ամենաուժեղն է 1952 թվականից ի վեր։
«Ուժեղ, նկատելի հետցնցումները կշարունակվեն առնվազն ևս մեկ ամիս։ Դրանց մագնիտուդը կարող է հասնել մինչև 7.5-ի, Պետրոպավլովսկ-Կամչատկայում դրանք կարող են առաջացնել մինչև 6 մագնիտուդով ցնցումներ», – հավելել են գիտնականները։
Երկրաշարժից հետո սպասվում էր, որ Սևերո-Կուրիլսկի ափամերձ գոտին կհարվածի ցունամիի երեք ալիք։ Այս մասին Telegram ալիքով հայտնել է նահանգապետ Վալերի Լիմարենկոն։
«Բնակավայրի բնակիչները մնում են անվտանգ բարձրադիր վայրերում, մինչև կրկնվող ալիքների սպառնալիքը լիովին վերացվի», – գրել է նա։
Ցունամիի վտանգ է սպասվում ԱՄՆ-ում, որի մասին հայտնել է Թրամփը` գրելով.
«Խաղաղ օվկիանոսում տեղի ունեցած հզոր երկրաշարժի պատճառով Հավայան կղզիների բնակիչների համար ուժի մեջ է ցունամիի մասին նախազգուշացում: Ցունամիի մասին նախազգուշացում է նաև Ալյասկայի և ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան ափի համար: Ճապոնիան նույնպես սպառնալիքի տակ է: Ուժեղ մնացեք և հոգ տարեք ձեր մասին»: