«Քննությունը հիմնված է վերջին հաղորդումների վրա, ըստ որոնց՝ Դյուկի համալսարանը խտրական վերաբերմունք է դրսևորում ուսանողների նկատմամբ՝ նրանց ռասայի, մաշկի գույնի և/կամ էթնիկական ծագման հիմքով», — նշվում է նախարարության հայտարարությունում։
ԱՄՆ կրթության նախարար Լինդա Մաքմեոնն ու առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը համատեղ նամակ են ուղարկել համալսարանի ղեկավարությանը, որում նրանք մտահոգություն են արտահայտել ընդունելության, նոր աշխատակիցների վարձման և կրթաթոշակների բաշխման գործընթացներում խտրականության մասին։ Խոսքն այսպես կոչված «դրական խտրականության» մասին է, որը որոշ դեպքերում ենթադրում է նախապատվություն տալ ռասայական փոքրամասնությունների ներկայացուցիչներին։
«Մենք հստակ հայտարարում ենք, որ դաշնային ֆինանսավորումը պետք է ուղղվի բարձր մակարդակի բժշկական կրթության, հետազոտությունների և կադրերի պատրաստման աջակցությանը, այլ ոչ թե ռասայական պատկանելությանը», — ասել է Քենեդի կրտսերը։ Կրթության նախարարի հետ միասին պահանջել է համալսարանից ստեղծել հատուկ կոմիտե, որն աշխատելու է խտրական գործելակերպերը վերացնելու ուղղությամբ և համագործակցելու է դաշնային կառավարության հետ։ ԱՄՆ կրթության նախարարությունը նշել է, որ համալսարանի Duke Law Journal իրավաբանական գիտական ամսագիրը լրացուցիչ միավորներ է տրամադրել այն թեկնածուներին, ովքեր «պատկանում են բավականաչափ չներկայացված խմբերին»՝ խմբագրական խորհրդի անդամի տեղին հավակնելու համար։
Դյուկի համալսարանը ԱՄՆ առաջատար բուհերից է և զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը U.S. News & World Report-ի ազգային վարկանիշում։ Այն նաև բարձր դիրքեր է գրավում համաշխարհային վարկանիշներում՝ 21-րդ հորիզոնականը THE World University Rankings-ում և 61-րդ տեղը QS World University Rankings-ում։