Երևանում շինարարությամբ զբաղվող ընկերության գործունեությունը կասեցվել է

Բաժանորդագրվել

Ընկերությանը պահանջ է ներկայացվել շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման համար։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik․ Երևանում կասեցվել է բետոնահանգույցի և խճի ջարդիչ կայանի շահագործումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Նշվում է, որ տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Երևանում շինարարությամբ և շինանյութերի վաճառքով զբաղվող «Մետտա գրուպ» ՍՊԸ-ում։

«Պարզվել է, որ ընկերության կողմից բետոնահանգույցը և խճի ջարդիչ կայանը շահագործվում են առանց անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետման համապատասխան թույլտվության»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տեսչական մարմնի որոշմամբ՝ բետոնի, խճի ջարդման և մանրեցման արտադրության գործունեությունը կասեցվել է։ Ընկերությունը տուգանվել է 300.000 դրամով, ինչպես նաև շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ է ներկայացվել։

Leave a Comment