Արցախի բռնազավթված տարածքներում հրդեհների հետևանքով վտանգված է շուրջ 100 պատմամշակութային հուշարձան. ԼՂՀ մշակույթի նախարարություն

Արմինֆո.  Բռնազավթված տարածքներում բռնկված հրդեհները լուրջ սպառնալիք են ստեղծում Արցախի պատմամշակութային ժառանգության համար: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում բռնկված հրդեհների հետևանքով վտանգված է շուրջ 100 պատմամշակութային հուշարձան։ Այդ մասին հաղորդում է Արցախի մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը, որը ներկայացրել է հրդեհների տարածման քարտեզը՝ ըստ NASA LANCE/FIRMS համակարգի տվյալների։

 

Աղբյուրի համաձայն, կրակի տարածման գոտում են հայտնվել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Ամարասի վանական համալիրը, ինչպես նաև Թալիշ համայնքի շրջակայքում և մի շարք այլ բնակավայրերում գտնվող նշանակալի հուշարձաններ։

 

Սոցիալական ցանցերում շրջանառվող տվյալների համաձայն, հրդեհի հետևանքով արդեն վնասվել են Նոր Շեն համայնքի պատմական թթի այգիները։ Կրակի տարածումը հասել է նաև Նախիջևանիկ և Վարդաձոր համայնքներ, որոնց տարածքում գտնվող եկեղեցիներն ու մշակութային արժեք ներկայացնող այլ կառույցներ կանգնած են անմիջական վտանգի առաջ։

 

Ադրբեջանի Հանրապետությունն, ունենալով փաստացի վերահսկողություն Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների նկատմամբ, միջազգային իրավունքի և մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ կոնվենցիաների համաձայն պարտավոր է՝իր վերահսկողության ներքո  գտնվող  տարածքներում ապահովել մշակութային և բնական ժառանգության պահպանումը,

ձեռնարկել անհետաձգելի միջոցներ հրդեհների մարելու և հասցված վնասների վերականգնման ուղղությամբ։

 

«Միջազգային կառույցները և մասնագիտացված կազմակերպությունները՝ իրենց մանդատի շրջանակում պետք է պատշաճ գնահատական տան ստեղծված իրավիճակին և իրականացնեն գործուն քայլեր՝ Արցախի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ», – ասվում է հաղորդագրությունում։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի մշակույթի նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանն ահազանգել էր, որ օրեր առաջ Ակնայի շրջանում բռնկված հրդեհները տարածվել են հյուսիս-արևելքում մինչև Թալիշ գյուղ և հարավ-արևելքում մինչև Ջրական և Հադրութ ՝ Արցախի Հանրապետության արևելյան սահմանի գրեթե ողջ երկայնքով:

Leave a Comment