Հիշում ենք, Փաշինյան Նիկոլ, այսօրվա պես էլ հիշում ենք


Ներքաղաքական

Հիացական գրառումների շարք է սկսել ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ, թե ամեն ինչ ինչքան լավ է: Այդ շարքում նա նշում է. «Հիմա ո՜վ է հիշում ինչպիսին էին ԵրեւանԲագրատաշեն մայրուղիները՝ հեղափոխությունից առաջ։ Ավելի լավ, որ դա չի էլ հիշվում։ Իսկ ե՛ւ Վանաձորով, ե՛ւ Դիլիջանով մայրուղիները նման լավ վիճակում են առաջին հերթին աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված իրենց հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ։ Շնորհակալ եմ։ Նույնը վստահաբար կարելի է ասել նաեւ ԵրեւանՄարգարա, ԵրեւանԱգարակ, ԵրեւանԿոռնիձոր, ԵրեւանՍոտք, ԵրեւանԱյգեպար, ԵրեւանԳոգավան, ԵրեւանԲավրա մայրուղիների մասին»։

Բա ինչպե՞ս չասես՝ իհարկե, շատ կուզենայիք, որ չհիշեինք, բայց հիշում ենք, Փաշինյան Նիկոլ, այսօրվա պես էլ հիշում ենք: Նախ հիշում ենք, որ հիշատակված ճանապարհները նախկինում ավելի վատը չեն եղել, քան հիմա է եւ հիմա էլ ավելի լավը չեն, քան առաջ էր: Ոչ միայն հիշում, այլեւ տեսնում ենք ու զգում երեւանյան փողոցների խայտառակ փոսերը, ինչը եւս «աննախադեպների» շարքում կարող եք դասել: Բայց ամենակարեւորը՝ հիշում ենք «հեղափոխությունից առաջ», իսկ իրականում՝ մինչ իշխանազավթումն ունեցած Երեւան-Գորիս-Ստեփանակերտ, Մարտակերտ-Վարդենիս, Գորիս-Կապան ճանապարհները, Բերձորի միջանցքի ճանապարհը… Երանի լինեին այդ ճանապարհները, թեկուզ վատը, բայց լինեի՛ն: Եվ այն, որ այս ճանապարհները չկան, քաղաքացիների շնորհիվ չէ, այլ Նիկոլ Փաշինյանի կառավարման հետեւանքն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Leave a Comment