Ամերիկյան կողմից «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողությունը ստանձնելուն և Թուրքիայում դրա հետ կապված ընդհանուր հայտարարություններին վերաբերյալ զրուցել ենք թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ, ով նկատում է.
-Օրերս, երբ Էրդողանը վերադառնում էր Հյուսիսային Կիպրոսից, ինքնաթիռում մեկ տասնյակից ավելի լրատվամիջոցների մամուլի ասուլիս տվեց։ Լրագրողները նրան ուղիղ հարց տվեցին այս ծրագրի վերաբերյալ, Էրդողանը խուսափեց պատասխան տալուց, որևէ բան չասաց, այլ ընդհանուր խոսեց «Զանգեզուրի միջանցքի» մասին, որի մասին բոլորը գիտեն, նորություն չէ։ Կա նաև Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական արձագանքը, ԱԳ պաշտոնական ներկայացուցչին ամերիկյան լոգիստիկ ընկերության հետ կապված հարց էին տվել, որին նա պատասխանել էր, թե դրա մասին ոչինչ չգիտեն, դրա համար որևէ դիրքորոշում չունեն:
Թուրքական մամուլում թուրք լրագրող-վերլուծաբաններից մեկը կարծիք էր հայտնել, որ այս նախագծի հետևում կանգնած է Թուրքիան, մյուս կողմից էլ՝ նույն վերլուծաբանը կասկած էր հայտնել, որ այդ նախագծից ինչ-որ բան կարող է ստացվել։ Սա բացատրել էր նրանով, որ ԱՄՆ նախագահ Թրամփը նման մի քանի պրոյեկտներ է առաջ քաշել, մասնավորապես՝ Ուկրաինայի հետ կապված, և մինչև հիմա որևէ տեղաշարժ չի եղել։ Այնուհետև Աբխազիայի երկաթգծի հետ կապված ծրագիրն էր հիշեցրել, նշելով, որ շվեյցարական ընկերությունը պետք է վերցներ երկաթգծի շահագործումը, բայց կրկին ոչինչ չի ստացվել։Կարևոր փաստ էր նաև այն, որ այս նախագծի հետ կապված հրապարակային խոսեց նաև Թուրքիայում ԱՄՆ դեսպանը։ Հետևաբար, ըստ նրա՝ չի կարելի բացառել, որ սա ժամանակին թուրքական ինչ-որ առաջարկ է եղել, և հիմա էլ, քանի որ Թրամփը ցուցաբերում է նման մոտեցում, որ ամերիկյան ընկերությունները փորձեն համատեղ ինչ-որ նախագծեր իրականացնել, որպեսզի իրենք էլ շահույթ ստանան։
Պատմաբանի գնահատմամբ.
-Չեմ բացառում, որ սա դեռևս գաղափար է, չկա նախադրյալ, որ այդ պրոյեկտը բռնում է իրականություն դառնալու ճանապարհը։ Նույնիսկ, եթե սա իրականություն էլ լինի, ապա մինչև 2029 թվականը Թուրքիան սա չի կարողանալու իրականացնել, որովհետև չունի երկաթգծի հատվածը։ Կրկնում եմ, երբ այս նախագծի մասին Էրդողանին հարց տվեցին, նա համառորեն չպատասխանեց, ինչպես ասում են՝ «խոսքը կտուրը գցեց», բայց ինչ-որ բան կա, որ թուրքերը դրա հետևում կանգնած են: Թուրքիան ու Ադրբեջանն ամեն ինչ կանեն Հայաստանի վրա ճնշումը մեծացնելու համար, որպեսզի կարողանան առանց ամերիկյան ընկերությունների «յոլա» գնալ, քանի որ Ալիևն էլ է հայտարարել, որ իրենց այլ ընկերություններ պետք չեն։
Ի՞նչ դիրքորոշում կունենա Իրանը, եթե հանկարծ ամերիկյան ընկերություն կանգնի հայ-ադրբեջանական սահմանին և իրականացնի վերահսկողություն՝ հարցին Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց՝ Իրանն այստեղ մեծ դերակատարում ունի, և համոզված է, որ իրանական կողմն այդ խնդրին շատ լուրջ է մոտենում։
-Որքան մենք լսել ենք Իրանի պաշտոնական ներկայացուցիչներին՝ և՛ Թեհրանում և՛ ՀՀ-ում Իրանի դեսպանի մակարդակով, միաձայն ասել են, որ թույլ չեն տալու, որպեսզի նման ծրագիր իրականացվի, որը հաշվի չի առնի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, նաև Իրանի շահերը։ Այստեղ, իհարկե, Ռուսաստանի գործոնն էլ կա։ Ըստ իս, եթե դա չլինի ամերիկյան ընկերություն և դա լինի ՀՀ վերահսկողությամբ՝ Ռուսաստանը դեմ չի լինի, քանի որ Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունի երկաթգծի կառուցումը, որը Ռուսաստանն Ադրբեջանի վրայով պետք է կապի Իրանի հետ և Ռուսաստանն այդպիսով հնարավորություն կստանա դուրս գալ Պարսից ծոց։
Սա նրան հնարավորություն կտա արագ կապվելու Չինաստանի հետ՝ ծովային ճանապարհով։ Սա Ռուսաստանի համար ռազմավարական կարևոր պրոյեկտ է։ Սա ավելի իրատեսական է, որ իրականություն կդառնա, քան, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Այդ ժամանակ էլ Ռուսաստանը շահագրգռված կլինի, որ երկաթգծի մեկ հատված գա Հայաստանի վրայով և կապվի Թուրքիայի հետ: «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի ձեռքում շատ կարևոր խաղաքարտ է, որովհետև սա այսօր տարբեր երկրների միջև գեոէկոնոմիկ շահեր են, իսկ դրա բանալին Հայաստանի ձեռքում է՝ «Մեղրի դարպասը»։