«ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՆՈՐ ԱԼԵՆՆԵՐ ԳԱԼՈՒ ԵՆ»
44 օրյա պատերազմում անմահացած Արցախի հերոս Ալեն Մարգարյանի հիշատակը շարունակվող նոր գործերով օր օրի ստանում է նոր շունչ ու նշանակություն։ Հազարավոր գրքեր՝ նվիրված դպրոցներին ու գրադարաններին, ընթերցանության խրախուսման լայնածավալ ծրագրեր, «Իմ Ընկեր Ալենը» համադպրոցական ընթերցանության մրցույթ, «Ընթերցասերը» պուրակ եւ «Գրքասերը» քանդակ. այս ամենն ու շատ ավելին այսօր վկայում են այն մասին, որ նրա հիշատակը դարձել է ապրող ժառանգություն։ Ալենի մայրիկի՝ ՆԱԶԵԼԻ ՏԵՐՏԵՐՅԱՆԻ նախաձեռնությամբ հիմնված եւ արդեն չորս տարի գործող «Ալեն Մարգարյան» բարեգործական ՀԿ-ն դարձել է ստեղծարար ծրագրերի հարթակ՝ ինչպես Ալենն էր՝ մշակույթով լի։ Այսօր կազմակերպությունը կենտրոնացած է թե՛ «Ալենյան» կրթաթոշակառուների, թե՛ հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների աջակցության վրա, իսկ մշակութային նոր ծրագրերն ընթացքի մեջ են, ինչի մասին էլ ծավալվեց մեր զրույցը հերոսի մոր հետ:
«ՀԱՄԱՆՈՒՆ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ ՆԿԱՐԱՀԱՆՎՈՒՄ Է ՄՈՒԼՏՖԻԼՄ»
— Տեղեկացանք, որ շուտով կյանքի կկոչվի ալենյան եւս մեկ նոր մշակութային նախագիծ՝ այս անգամ սառցե ամանորյա շոու։ Ինչո՞ւ հենց սառցե շոու:
— Սառցե շոուի ձեւաչափը պատահական չէ ընտրված։ Ես մանկուց սիրահարված եմ գեղասահքին, կասեմ ավելին՝ գեղասահքով զբաղվելն իմ չիրականացած երազանքներից է: Եվ ներկայացավ իմ երազանքն ու Ալենի ստեղծագործությունը միավորելու հիանալ առիթ: Հատկանշական է այն, որ մինչ այս հայ հանդիսատեսի դատին են հանձնվել սառցե ամանորյա շոուներ, որոնց հիմքում եղել են այլազգի ստեղծագործողների աշխատանքներ, իսկ այս շոուով, հայ մշակույթի մեջ առաջին անգամ հայ հեղինակի ամանորյա պատմությունը կվերածվի սառույցի վրա մի գունեղ եւ չքնաղ ներկայացման: Կարծում եմ, դա ուղղակի հրաշալի է։
Ուզում եմ տեղեկացնել նաեւ, որ համանուն հեքիաթի մոտիվներով նկարահանվում է մուլտֆիլմ՝ «Սոյուզմուլտֆիլմի» կողմից, եւ չի բացառվում, որ առաջիկա տարիներին Ալենի հեքիաթներից շատերը դառնան գեղեցիկ ներկայացումներ կամ մյուզիքլներ:
Ասեմ, որ ինչպես ցանկացած նոր նախագծի, այս նախագծին եւս մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում, քանզի որդուս «Լեգենդ ամանորյա կախարդանքի մասին» հրաշալի հեքիաթը շուտով կդառնա մի լուսավոր ներկայացում: Հանդիսատեսը հնարավորություն կունենան վայելելու հայկական ամանորյա գեղեցիկ հեքիաթը սառույցի վրա: Հեքիաթ, որն իր հմայքով մարդկանց հոգիները կպարուրի լույսով: Վստահ եմ, որ այն կսիրվի բոլոր կողմից եւ երկար տարիներ տարբեր սերունդներ հաճույքով կդիտեն այն, քանզի այս հեքիաթը բարության եւ հավատի մասին է, երբեք չհանձնվելու եւ նպատակասլացության մասին է, ու, ի վերջո, ներողամտության ու վեհության մասին է: Ուզում եմ, որ այն փոխանցվի մարդկանց ա՛յն տեսքով, որին հավատում էր Ալենը։
— Ո՞ւմ եք վստահել սառցե շոույի բեմադրությունը: Ինքներդ խառնվո՞ւմ եք նախապատրաստական հարցերին, որպեսզի շեղումներ չլինեն Ալենի հեքիաթից:
— Բոլոր իրավունքներն ինձ են պատկանում, սակայն պայմանագիր ենք կնքել Հայաստանում այդ ոլորտում միակ՝ ԱՊՊԱ-Պրո ընկերության հետ, որն արդեն 15 տարի զբաղվում է սառցե շոուներով եւ 30 տարի շոու բիզնեսում է։ Կարծում եմ, ճիշտը պրոֆեսիոնալներին վստահելն է։ Նրանք աշխատել են առաջին մեծության բազմաթիվ աստղերի հետ, իսկ այսօր մեր նախագծի շրջանակներում հայ տաղանդավոր գեղասահորդների համար կազմակերպում են վարպետության դասեր այնպիսի պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ, որոնց հետ աշխատելը մեր երիտասարդների համար կարող էր միայն երազանք լինել։ Նախագծի առանձնահատկություններից մյուսը հենց սա՛ է, քանզի Ալենի յուրաքանչյուր օրն ու ժամը լցված էին մարդկանց դեպի կրթության լույսը մղելը։
— Շոուն ստեղծվել է Ալեն Մարգարյանի հեքիաթի հիման վրա, որտե՞ղ կարող են երեխաները կարդալ կամ ծանոթանալ ամանորյա հեքիաթին։
— Շնորհիվ տպագրված «Բոլորիս Ալենը», «Բոլորիս Ալենի հեքիաթ», «Ալեն մոլորակը մեր մոլորակում» գրքերի՝ հազարավոր հայ երեխաներ եւ երիտասարդներ հնարավորություն ունեն Հայաստանի դպրոցներում ու գրադարաններում ծանոթանալ Ալենի ստեղծագործություններին եւ ոգեշնչվելու Ալենի կերպարով։ Հավելեմ, որ Ալենի՝ վերը նշված երեք գրքերը վաճառվում են մեր հանրապետության բոլոր գրախանութներում: Այդ գրքերը ձեռք բերելիս դուք դառնում եք բարեգործական նախագծերի անմիջական մասնակից, քանզի գրքերի վաճառքի ամբողջ հասույթը մեր կազմակերպության կողմից ուղղվում է բացառապես բարեգործության:
«ԲՈԼՈՐԻՍ ԱԼԵՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԸ» ՃԱՆԱՉՎԵԼ ԵՆ ՈՐՊԵՍ ԴԱՍԱԳԻՐՔ»
— Ըստ Ձեզ, ի՞նչ են տալիս Ալեն Մարգարյանի հեքիաթները երեխաներին։
— Ալենի հեքիաթները պարունակում են սեր, լույս, ջերմություն ու բարություն, փոխանցում են մարդասիրություն, իմաստություն, հավատ, կյանքից դասեր քաղելու ունակություն, դրանք սովորեցնում են կարեկցել, հոգ տանել, տեսնել գեղեցիկը ամենուր։ Ալենի հեքիաթները նրա մասին են, որ հրաշքները միշտ շուրջդ են, հատկապես Ամանորի հեքիաթային գիշերը, գլխավորն այն է, որ սրտից մշտապես ճառագեն բարություն, ջերմություն եւ ներում: Ուզում եմ նշել, որ գեղարվեստական մեծ արժեքից զատ՝ Ալենի հեքիաթներն ունեն կրթադաստիարակչական եւ ուսուցողական մեծ նշանակություն, ինչի մասին վկայում է այն, որ ԿԳՄՍ առընթեր Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոնի «ԿԶՆԱԿ» հիմնադրամը կատարել է մասնագիտական խորը վերլուծություն, որի հիման վրա ԿԳՄՍ նախարարի հրամանով «Բոլորիս Ալենի հեքիաթները» ճանաչվել են որպես դասագիրք եւ կիրառվում են մեր հանրապետության տարբեր դպրոցների տարրական եւմիջին դասարաններում:
— Ի՞նչ է հուշում հեքիաթի սյուժեն, եւ արդյո՞ք կլինեն մեզ մանկուց ծանոթ կերպարներ, թե՞ բոլորովին նորեր։
— Այս նոր հեքիաթային արկածում Ամանորից ընդամենը մի քանի ժամ առաջ փերիներն ու խաղալիք-կենդանիները փորձում են իրենց բարության ու սիրո շնորհիվ վերադարձնել չար վհուկի կողմից խաթարված կախարդանքը։ Բոլոր հերոսների եւ Ձմեռ պապի համար գլխավորն այն է, որ ոչ մի մութ ուժ ի վիճակի չէ չեղարկել, խափանել կամ ոչնչացնել Ամանորի գիշերվա դյութանքն ու գեղեցկությունը: Ոչ ոք չի կարող խոչընդոտ լինել կախարդական պարահանդեսը փերիների, հրեշտակների, տոնածառի խաղալիքների, Ձմեռ պապի եւ Ձյունանուշի հետ անցկացնելուն: Մանկուց մեզ ծանոթ հերոսներ ու նոր կերպարներ, բոլորի կողմից սիրված ամանորյա երաժշտություն, վարպետորեն կատարվող պարային համարներ, յուրօրինակ դեկորացիաներ եւ բեմական էֆեկտներ՝ այս ամենը կլինի հիասքանչ սառցե ներկայացման մեջ:
— Շոուի մասնակիցները միայն հայ գեղասահորդներ կլինե՞ն, թե՞ նաեւ դրսից հրավիրված:
— Շոուի յուրահատկությունը նաեւ հենց նրանում է, որ ամանորյա տրամադրության անկրկնելի տեսարանը ստեղծվում է մի թիմի ջանքերով, որը շոուի մասնակից է դարձրել հայաստանցի տաղանդավոր մարզիկ-գեղասահորդների եւ բարձրակարգ չմշկորդների, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ մարզիկ է հրավիրված Իսրայելից: Հատուկ գրաֆիկական լուծումների, դեկորացիաների եւ ցնցող բեմական զգեստների միջոցով ԱՊՊԱ Պրո-ն ստեղծում է միանգամայն յուրահատուկ եւ հեքիաթային մթնոլորտ: Այս շոուն լինելու է բացառիկ։ Այն հռչակավոր կոմպոզիտորների երաժշտության եւ սառույցի սիներգիա է՝ մարմնամարզության, կրկեսային հնարքների եւ մուլտիմեդիայի համադրությամբ։
«2020-Ի ՉԱՐԱԲԱՍՏԻԿ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ՈՐՈՇԵՑԻ ՀԱԿԱՌԱԿ ԳՆԱԼ ՃԱԿԱՏԱԳՐԻՆ»
— Նման շոուն ենթադրում է չկրկնվող մոտեցում: Սա շատ դժվար խնդիր է ռեժիսուրայի եւ պարարվեստի ոլորտում, ո՞ւմ հետ եք համագործակցում այս համատեքստում:
— Նախագծի ստեղծումը վստահվել է մի ընկերության, որը ոլորտի առաջատարներից է։ Պրոդյուսեր Զարինե Մխեյանը մշտապես աջակցել է Հայաստանում գեղասահքի զարգացմանը։ Նրա օգնությամբ պարբերաբար Հայաստան են ժամանում գեղասահքի օլիմպիական չեմպիոններ, գեղասահքի վարպետներ, ովքեր վարպետության դասեր են կազմակերպում սկսնակ գեղասահորդների համար: Դա հիանալի խթան է այդ գեղեցիկ սպորտաձեւով զբաղվող երեխաների համար, հիանալի հնարավորություն շփվելով գեղասահքի աստղերի հետ՝ անմիջականորեն առնչվել նրանց տաղանդին ևեւ վարպետությանը, ստանալ նոր եւ արժեքավոր գիտելիքներ եւ ձեռք բերել ինքնավստահություն: Մեր նախագծի սցենարի հեղինակը եւ բեմադրող ռեժիսորը Էմիլ Կարատն է, պարուսույց-բեմադրիչը՝ Դմիտրի Լապշինը։
— Ինչպե՞ս ծնվեց նման նախագիծ իրականացնելու գաղափարը եւ ինչո՞ւ հենց այս հեքիաթն ընտրվեց։
— Ալենի տեսակի կորուստն անդառնալի էր ոչ միայն մեր ընտանիքի, այլեւ՝ հայրենիքի համար։ 2020 թվականի չարաբաստիկ պատերազմից հետո որոշեցի հակառակ գնալ ճակատագրին ու իրականացնել այն, ինչը չհասցրեց անել որդիս՝ արմատավորել «Ալենյան» արժեհամակարգը մեր հասարակությունում։ Ինչո՞ւ այս հեքիաթը, որովհետեւ այն բարության եւ ներելու հզոր ուժի մասին է, ինչը մեզ այսօր շատ է պակասում։ Այս գեղեցիկ պատմությունն, անշուշտ, կջերմացնի հանդիսատեսի սրտերն ու կլցնի հավատով ու խանդավառությամբ:
— Ո՞ւմ համար է ստեղծվում այս բացառիկ նախագիծը, երեխաների՞, մեծահասակների՞, թե՞ բոլորի։
— Ալենը կարծում էր, որ հեքիաթը մարդու հետ պետք է լինի մշտապես, ուղեկցի նրան ողջ կյանքի ընթացքում՝ անկախ տարիքից: Նա վստահ էր, որ հեքիաթը ե՛ւ փոքրերի համար է, ե՛ւ մեծահասակների, ուստի՝ այն մնայուն արժեք է՝ առանց տարիքային սահմանափակման: «Նոր հրաշքի նախօրեին» սառցե ներկայացումը Հայաստանի երեխաների եւ պատանիների նոր սերնդի համար է: Այն հիանալի գեղասահքի, շքեղ բեմական զգեստների եւ աներեւակայելի գեղեցիկ երաժշտության համադրություն է, որ հավասարապես կարող են վայելել նաեւ մեծահասակները։
«ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝ ԲՈԼՈՐԻՍ ԱԼԵՆԻ ՀԵՔԻԱԹԸ ԿԱՊՐԻ…»
— Նման գունեղ շոուն ենթադրում է հատուկ կոստյումներ։ Այս առումով ինչի՞ վրա եք շեշտը դրել։
— Ներկայացման վառ կերպարների ստեղծման վրա աշխատում են հայ վարպետներ՝ զգեստների նկարիչ-դիզայներ Կարինե Դնոյանի ղեկավարությամբ:
— Կա՞ մի բան, որ հատկապես կարևորում եք ձեր աշխատանքում։
— Ալենի տեսակի կարիքը Երկիր մոլորակն ու ամբողջ մարդկությունն ունի, մեր երկիրը՝ հատկապես: Կրթության, գիտության եւ մշակույթի մեծ ջատագով էր: Ամուր որոշում ուներ. Հարվարդի համալսարանը ավարտելուց հետո վերադառնալ եւ Հայաստանում ներդնել բոլորովին նոր կրթական համակարգ: Ալենը շատ-շատ անելիք ուներ այս աշխարհում։ Ալենյան գաղափարախոսության եւ առաքելության մի փոքրիկ հյուլե ներդրած կլինեմ, եթե գեթ մեկ երեխայի սրտում Ալենի կերպարի միջոցով սերմանեմ սեր դեպի կրթությունը, գիտությունն ու արվեստը: Իհարկե, դրանով ինձ համար Ալենի պակասը չի լրացվի, բայց մեր հայրենիքի համար…նոր Ալեններ գալու են։
— Ի՞նչ ակնկալիքներ ունեք հանդիսատեսից:
— Ամենից առաջ եւ գլխավորը՝ ես չափազանց երջանիկ կլինեմ, որ Ալենի հեքիաթի հիման վրա ստեղծված սառցե շոուն ներթափանցի մարդկանց սրտերն ու հոգիները, պարուրի նրանց ջերմությամբ, սիրով ու բարությամբ, մղի լավ ու բարի գործերի, ստիպի խորհել, վերարժեւորել իրենց ապրածն ու հետագա անելիքները: Չէ՞ որ մարդասիրությունը կօգնի փոխել աշխարհը՝ դարձնելով այն ավելի բարի ու խաղաղ: Հուսով եմ՝ շոուն արձագանք կստանա մարդկանց սրտերում, կշոյի նրանց զգացմունքները եւ անմոռանալի տպավորություններ կթողնի, եւ ամենակարեւորը՝ բոլորիս Ալենի հեքիաթը կապրի։