ԱՄՆ պետքարտուղարի կարծիքով, Ջեյ Դի Վենսը նախագահի «հիանալի» թեկնածու կլիներ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրաժարվել է պատասխանել Սպիտակ տանն առնչվող իր քաղաքական ձգտումների մասին հարցին, փոխարենը հայտարարել է, որ, իր կարծիքով, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը «հիանալի թեկնածու» կլիներ։ 
ԱՄՆ պետքարտուղարը շաբաթ օրը Fox News-ի եթերում հանդիպել է Լարա Թրամփի հետ, և վերջինս նրան հարցրել է, թե արդյոք նա դիտարկում է 2028 թվականին նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը։ 
Ռուբիոն պատասխանել է, որ որպես պետքարտուղար չի կարող խառնվել ներքին քաղաքականությանը, «և ես ուզում եմ կատարել այս աշխատանքը, քանի դեռ նախագահը թույլ է տալիս, և մնալ այս պաշտոնում մինչև 2028 թվականի հունվարը»։ 
«Ես հավատում եմ, որ եթե կարողանամ մնալ այս պաշտոնում նախագահության ողջ ընթացքում, և մենք հաջողության հասնենք այն տեմպերով, որով աշխատել ենք վերջին վեց ամիսների ընթացքում, ես կկարողանամ հետադարձ հայացք նետել պետական ծառայության մեջ իմ գործունեությանը և ասել. «Ես իրավիճակը փոխեցի դեպի լավը, ես ազդեցություն ունեցա և շատ լավ ծառայեցի իմ երկրին»։ Եվ ես գոհ կլինեի, եթե սա դառնար իմ կարիերայի գագաթնակետը… Հենց սրա վրա եմ հիմա կենտրոնացած, որովհետև մենք առանձնահատուկ բան ենք անում, որը, կարծում եմ, պտուղներ և շահաբաժիններ կբերի հաջորդ սերնդին», – ասել է Ռուբիոն։ 
Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, Վենսը «հիանալի թեկնածու կլիներ, եթե որոշեր, որ ուզում է դա անել»։
«Կարծում եմ՝ նա հիանալի է կատարում փոխնախագահի աշխատանքը։ Նա իմ մտերիմ ընկերն է, և հուսով եմ, որ նա մտադիր է դա անել», – հավելել է ԱՄՆ պետքարտուղարը։

Leave a Comment