«Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ղեկավարվող աշխարհաքաղաքական ծրագիր է․ Խամենեիի ավագ խորհրդական

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ առաջարկվող «Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ղեկավարվող աշխարհաքաղաքական ծրագիր է՝ Իրանի ազգային անվտանգությունն ու ռազմավարական կապերը խաթարելու համար, հայտնում է Tasnim գործակալությունը։

Նա նշել է, որ Իրանի թշնամիները, մասնավորապես՝ «համաշխարհային սիոնիզմը և Միացյալ Նահանգները», վաղուց անհանգստացած են Իրանի պատմական միասնությամբ և տարածաշրջանում խորը մշակութային կապերով։

«Այս գործողները ձգտում են թուլացնել իրանական ինքնության հիմքերը՝ որպես երկրի ազգային անվտանգությանը վնաս հասցնելու միջոց», – ասել է նա։

Վելայաթին ասել է, որ «Զանգեզուրի միջանցքի նման» ծրագրերը ծառայում են որպես ավելի մեծ աշխարհաքաղաքական նախագծերի քողարկում։

Նա զգուշացրել է, որ այդ ծրագրի հիմնական նպատակն է խզել Իրանի կապը Կովկասի հետ և ցամաքային շրջափակում պարտադրել Իրանին և Ռուսաստանին տարածաշրջանի հարավում։

Վելայաթին ընդգծել է, որ Իրանի ազգային անվտանգությունը մնում է կարմիր գիծ։

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Թոմ Բարաքը հուլիսի 14-ին հայտարարել էր, որ մասնավոր ամերիկյան ընկերությունը կարող է ստանձնել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կառավարումը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունները առաջ մղելու համար: Մասնավորապես, ԱՄՆ-ն կարող է 100 տարով վարձակալել Սյունիքի և Նախիջևանի միջև գտնվող 34 կիլոմետրանոց ճանապարհի հատվածը:

Հուլիսի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծում «գլոբալ խաղացողների» մասնակցության մասին։ Նշենք, որ հիմնականում քննարկվում է ԱՄՆ-ի առաջարկը։

Leave a Comment