Ստոկհոլմի դատական ակտի հրապարակումը վկայում է, որ ՀՀ Կառավարությունը մինչև հայտնի որոշումներ կայացնելը չի հաշվարկել հնարավոր ռիսկերն ու իրավական հետևանքները, լրջորեն չի ուսումնասիրել ՀՀ օրենսդրությունն ու միջազգային պայմանագրերով ստանձնած հանձնառությունները, վտանգի տակ է դրել Հայաստանի բիզնեսի ու ներդրումային միջավայրի հեղինակությունը, իսկ ավելի հստակ՝ իր դիլետանտ գործունեությամբ հիմնավորել է, որ առաջնորդվել է բացառապես կամայական քմահաճույքով, որը հիմնված է զուտ քաղաքական հաշվարկի վրա,- նման տեսակետ է հայտնում իրավաբան Նորայր Նորիկյանը.
-Ցավ եմ ապրում, որ մեր երկրում որոշումները կայացվում են նման անպատասխանատու ձևով՝ թքած ունենալով մեր պետության իմիջի ու միջազգային վարկանիշի վրա։
Որոշ մարդկանց թվում է, թե ղժղժալով հնարավոր է լուծել բոլոր հարցերը։ Հայաստանում հնարավոր է դեռևս, սակայն Հայաստանից դուրս էլ կյանք կա, ինչպես ասում են: Շառաչուն ապտակի տեսքով այսպիսի որոշումները, ենթադրվում է, որ սթափեցնող են, որպեսզի հնարավոր լինի կանգ առնել՝ վերջնական տապալումից խուսափելու համար։
Բայց սա վտանգավոր է նաև մեկ այլ տեսանկյունից․ այս ամենը ցույց է տալիս, որ մեր երկիրը չի ղեկավարվում ՀՀ Սահմանադրությամբ ու օրենսդրությամբ, այս ամենը ցույց է տալիս, որ մեր երկիրը ղեկավարվում է մեկ մարդու քմահաճույքով, որը հայտնվել է ցուգցվանգի վիճակում, մեկը մյուսի հետևից գործում է սխալներ, որոնք ճակատագրական են Հայաստանի համար:
Եթե ՀՀ Կառավարությունը համաձայն չէ այս որոշման հետ, ապա «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով պետք է դիմի դատարան ու կասեցնի Ստոկհոլմի այդ որոշումը մինչև դատարանի վճիռը: Սա բարդ, ժամանակատար պրոցես է, Կառավարությունը պետք է ապացուցի իր գործունեության անխոցելիությունը, որն առերևույթ չի երևում:
Ակնհայտ է, որ ՀԵՑ-ի պետականացման գործընթացը բացառապես քաղաքական հաշվարկների վրա է հիմնված է, հիմա տեսնենք, թե Կառավարությունը զուտ իրավական հարթության վրա կդիմի՞ դատարան այդ վճիռը անվավեր ճանաչելու համար կամ ինչ հակափաստարկներ կբերի:
Այս հարցը կարգավորվում է մի քանի իրավական ակտերով՝ «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով ու Հայաստանի և Կիպրոսի միջև 1995-ին ստորագրված ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրի դրույթներով: Խնդիրը նաև հետևյալի մեջ է, քանի որ այդ վճռի բովանդակությունը ամբողջովին հասանելի չէ, ու չենք կարող ծանոթանալ, պետք է բավարարվենք այն հրապարակումներով, որոնք արվել են: