Բազմազգ զորավարժությունների մասնակից երկրների զինծառայողներին ողջույնի խոսքով դիմել են պաշտպանության փոխնախարար Պաատա Պատիաշվիլին, Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Իրակլի Չիչինաձեն և Եվրոպայում ու Աֆրիկայում ԱՄՆ Յոթերորդ բանակի նախապատրաստման հրամանատար, բրիգադի գեներալ Թերի Թիլիսը։
Իրենց ելույթներում նրանք ընդգծել են միջազգային վարժանքների կարևորությունը և մասնակիցներին հաջողություններ են մաղթել։
Միջազգային զորավարժությունների համատեղ ղեկավարումն իրականացնում են Վրաստանի պաշտպանության ուժերի Արևմտյան հրամանատարության հրամանատար, բրիգադի գեներալ Կոբա Գրիգոլիան և ԱՄՆ Ջորջիա նահանգի Ազգային գվարդիայի ներկայացուցիչ, գնդապետ Ուիլյամ Քոքսը։ Բացման արարողությանը ներկա են եղել Վրաստանի պաշտպանության ուժերի ներկայացուցիչներ, Վրաստանում հավատարմագրված ռազմական կցորդներ, ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի, ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթի (SNGP) հիմնական խմբի, ԱՄՆ դեսպանատան պաշտպանական համագործակցության գրասենյակի (ODC), ինչպես նաև ԵՄ դիտորդական առաքելության (EUMM) ներկայացուցիչներ։
Agile Spirit 2025 զորավարժությունները անցկացվում են տարածաշրջանի երկու երկրներում՝ Վրաստանում և Թուրքիայում։ Թուրքիայում զորավարժությունների փուլը մեկնարկել է հուլիսի 21-ին՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի համատեղ օդադեսանտային գործողությամբ՝ Ադանա նահանգի մոտակայքում։
Agile Spirit 2025 զորավարժություններին, բացի Վրաստանի, ԱՄՆ-ի և Թուրքիայի զինվորականներից, մասնակցում են ևս ութ երկրների զինծառայողներ, ինչպես նաև երկու բազմազգ ստորաբաժանումներ։ Զորավարժությունների ընթացքին հետևում են երկու պետությունների ներկայացուցիչներ։
Զորավարժությունների նպատակը մասնակից երկրների զինված ուժերի մարտական պատրաստության մակարդակի բարձրացումն է, փոխգործունակության և օպերատիվ կարողությունների ամրապնդումը։