Այն, ինչը կարող է հանգեցնել միջազգային սահմանների և տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխությունների, ինչպես նաև Իրանի և Հայաստանի միջև ցամաքային կապի խզման, մեզ մոտ լուրջ մտահոգություն է առաջացնում: Եվ դա, անկասկած, կարող է վնաս հասցնել ՀՀ-ին, և հենց այդ պատճառով Հայաստանի կառավարությունը պատրաստ չէ թույլ տալ, որ որևէ մեկը խախտի Հայաստանի կարմիր գծերը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Սյունիքի մարզով անցնելիք հաղորդակցության ուղիներին:
«Ես հանդիպումների ժամանակ խոսել եմ ՀՀ բարձրաստիճան ղեկավարության հետ, և նրանք ինձ վստահեցրել են, որ Հայաստանը պատրաստ չէ այնպիսի գործողությունների, որոնք կխախտեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունը՝ շրջափակումը հանելու հարցում: Եվ մենք լիովին աջակցում ենք Երևանի այս դիրքորոշմանը»,- ընդգծել է դեսպանը: