93 տարեկանում կյանքից հեռացել է բժիշկ-գիտնական Ալբերտ Մելիքսեթի Հարությունյանը։ Այս մասին հայտնում են ԵՊԲՀ-ից։
Մահազդում նշված է, որ բժշկական ինստիտուտի 1956 թվականի շրջանավարտը երկար տարիներ՝ նախորդ դարի 70-ականներից, մասնագիտական գործունեություն է ծավալել հարազատ կրթօջախում։ Նախկին անվանմամբ Սոցիալական հիգիենայի ամբիոնում է ձևավորվել նրա մասնագիտական ուղին՝ ավագ լաբորանտից մինչև պրոֆեսոր։
1984-ից մինչև 2007 թվականը ղեկավարել է ներկայիս Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնը, որի աշխատակիցները մեծ ակնածանքով են հիշում ավագ կոլեգային, ուսուցչին։
Ականատեսները փաստում են, որ շատ անկեղծ էր ուսանողների սերն ու հարգանքը պրոֆեսոր Հարությունյանի հանդեպ։ Ալբերտ Հարությունյանի զավակները նույնպես բժիշկներ են։ Համալսարանականները, բուհի ղեկավարությունը ցավակցում են հարազատներին, ընտանիքի անդամներին կորստյան կապակցությամբ։
Հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 26-ին, ժամը 18։00-ին՝ Նուբարաշենի խճուղի 46 հասցեում գտնվող սգո սրահում։ Թաղման արարողությունը՝ հուլիսի 27-ին, ժամը 14։00-ին։