
«Հայաստանը պետք է լինի Ռուսաստանի Դաշնության հետ՝ պատմականորեն լինելով նրա ամենամոտ երկրներից մեկը»,-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին, որ ինքը շատ լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իրականությունն այլ է, կարծում է Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ երկու երկրների միջև հարաբերությունները վատթարացել են։ «Ես կարծում եմ, որ մենք պետք է լինենք Ռուսաստանի հետ, այսօր մենք այլընտրանք չունենք։ Բացի այդ, իրավիճակն այնպիսին չէ, որ մեզ ամենուրեք սպասեն, հրավիրեն, և մենք ընտրենք։ Մեզ ոչ ոք չի հրավիրի, մենք նրանցից ենք հարցնում։ Եվրոմիությունն ասում է՝ այո, իհարկե։ Բայց ինչո՞ւ են նրանք այդպես ասում։ Նույն պատճառով, որ այսօր ուկրաինացիներին փող և զենք են տալիս՝ Ռուսաստանին վնասելու համար։ Փաշինյանին նույն բանն են առաջարկում, բայց նա դա չի հասկանում։ Ես վախենում եմ, որ նա վերջնականապես կոչնչացնի պետությունը», – ասել է Աբրահամյանը։
«Բայց մենք ունենք քաղաքական համաձայնագրեր, փաստաթղթեր, Հայաստանը պատմականորեն Ռուսաստանի ամենամոտ երկրներից մեկն է, ուստի սա Հայաստանի ներքին գործը չէ: Ցավոք, այսօր մենք պետք է պաշտպանենք նաև մեր շահերը Ռուսաստանում», – ասել է Աբրահամյանը՝ շարունակելով․ «Մենք ռուսներ ենք, նույնիսկ եթե մեզանից շատերը, ինչպես ես, ունեն Հայաստանի քաղաքացիություն: Ռուսաստանը մեր հայրենիքն է», – ընդգծեց Աբրահամյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետը չունի սփյուռքի հետ կառուցողական աշխատանքի ծրագիր: Միության նախագահը հիշեցրել է, որ նույնիսկ մինչև Փաշինյանի իշխանության գալը ընդունվել են օրենքներ, որոնք զրկել են քաղաքացիներին հանրապետությունից դուրս քվեարկելու իրավունքից: «Ինչ վերաբերում է սփյուռքի վերաբերմունքին Հայաստանում ստեղծված իրավիճակի նկատմամբ, այն վատ է: Նրանք ասում են՝ մենք գնում ենք Եվրոպա, Արևմուտք, Ամերիկա: Եվ ես մի անգամ թվարկեցի 20 պատճառ, թե ինչու պետք է լինենք Ռուսաստանի հետ: Պատերազմից առաջ (2020 թվականին Ղարաբաղում) Փաշինյանը հեռացրեց պրոֆեսիոնալ առաջնորդներին, ամեն ինչ արեց, որպեսզի մենք կորցնենք Ղարաբաղը», – ասել է Աբրահամյանը:
Միության նախագահը աբսուրդ է համարում Փաշինյանի կողմից վերահսկվող լրատվամիջոցներում շրջանառվող թեզերը՝ Մոսկվայի մեղքի մասին՝ Երևանի բոլոր խնդիրներում. «Նախկինում բնակչության 90-95%-ը ռուսամետ էր, բայց հիմա, ցավոք, ժողովուրդը վախենում է», – ասել է։