Արմինֆո. Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելը կազմակերպելու համար մեղադրվող ՔԿ նախկին պաշտոնյա Գոռ Թադևոսյանի կալանավորումը որպես խափանման միջոց դատարանի որոշմամաբ այսօր փոխվել է տնային կալանքով, բացակայության արգելքով ու գրավով։ Այդ մասին «Ազատությանը» հաղորդել է փաստաբան Արշակ Ղազարյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Հայաստանի քննչական կոմիտեի շենքից գողացել էին իրեղեն ապացույց 590 հազար դոլար: Մեկ շաբաթ անց հայտնի էր դարձել, որ իրավապահ մարմիններին հաջողվել է հայտնաբերել գողացված գումարի հիմնական մասը՝ 578,8 հազար դոլար։
Հաղորդվել էր, որ գողությունը կազմակերպել է Քննչական կոմիտեի հանցագործությունների քննության և մաքսանենգության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը, իսկ կատարել էր Էդգար Գրիգորյանը, ով անցնում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին կառավարության շենքի վրա հարձակման գործով: Եվ Թադևոսյանը, և Գրիգորյանը տվել էին խոստովանական ցուցմունք, կալանավորվել էին:
Հունիսի սկզբին Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հաղորդել էր, որ ՔԿ-ից գողության կազմակերպչի հարազատները պատրաստ են փոխհատուցել գողացված գումարի մի մասը: