Թաթոյան. Հայաստանի կողմից Ստոկհոլմի արբիտրաժի որոշման անտեսումը մեծ վնաս կհասցնի երկրի միջազգային հեղինակությանը

Արմինֆո. Հայաստանի իշխանությունների կողմից “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ-ի “ազգայնացման” գործով Ստոկհոլմի Առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտի որոշման անտեսումը մեծ վնաս է հասցնում երկրի միջազգային հեղինակությանը, հատկապես՝ միջազգային ներդրումների ներգրավման առումով: Նման կարծիք է հայտնել Հայաստանի նախկին օմբուդսմեն, “Թաթոյան” հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը:

 

«ՀԷՑ-ի, այսպես կոչված, ազգայնացման առնչությամբ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի որոշման առնչությամբ ՀՀ կառավարությունը հուլիսի 23-ի դիրքորոշմամբ ցույց է տալիս, որ միջազգային ներդրողների պաշտպանության համար Հայաստանի ստորագրած միջազգային պայմանագրերը, դրանցով ստանձնած պարտավորությունները չի կատարելու, եթե դրանք Կառավարության ղեկավարին անձնապես կամ քաղաքականապես դուր չեկան։

 

ՀՀ վարչապետն արդեն անձնական վերաբերմունք է ցույց տվել ՀԷՑ-ի շուրջ կատարվող գործընթացի նկատմամբ՝ հայտարարելով, թե իր համար դա «պետության համը որոշ մարդկանց բերանում» պահպանելու երաշխիք է, և սրանով նա արդեն ամբողջ գործընթացի վրա դրել է ապօրինության կնիք։

 

Իշխանության քարոզչական ուղղություններից մեկն այն է, թե իբր Արբիտրաժային ինստիտուտի այդ որոշման չկատարումը տեղի է ունենում հանուն ՀՀ ինքնիշխանության։

 

Այս տրամաբանությունը կամայականության դուռ է բացում՝ ստացվում է որևէ միջազգային դատարանի (օրինակ` Մարդու իրավունքների եվրոպական դատարան) վճիռ, որը վարչապետի դուրը չի եկել կամ նա համարել է իր իշխանության համար վտանգավոր, կարող է չկատարել:

 

Այս մոտեցումը մեծ վնաս է հասցնում Հայաստանի միջազգային հեղինակությանը, հատկապես միջազգային ներդրումների ներգրավման համար։

 

Գործընթացը ցույց տվեց, որ պետական ինստիտուտներն ընդհանրապես չգործեցին։

Դա տեղի ունեցավ այն բանի շնորհիվ, որ Հայաստանում հաստատված է անձնիշխանություն և կուսակցապետություն: Սրանք են նրանց բերած «արժեքների բարիքները»։

 

Լուծումը պարզ է՝ Հայաստանի դատարանը պետք է ընդամենը Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժի որոշման կատարման հարցը լուծի՝ առանց անդրադառնալու հարցի բովանդակային կողմին։

Դատարանը կարող է մերժել, եթե որոշումը խախտի հանրային կարգը։ Այդ է պատճառը, որ ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացները իշխանությունն ուղեկցում է քարոզչությամբ այն մասին, որ հարցը կապված է հանրային անվտանգության հետ։

 

Մինչդեռ, վարչապետն արդեն ցույց է տվել է, որ իր համար դա ունի անձնական ու դրա հետ կապված՝ քաղաքական նշանակություն», – գրել է Թաթոյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։

 

Հիշեցնենք, որ “Տաշիր” ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանն ու նրա ընտանիքը շահել են ՀԷՑ-ի պետականացման գործով Հայաստանի կառավարության դեմ  արբիտրաժային վեճը: Գործի քննությունը տեղի է ունեցել Ստոկհոլմի Առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտում’ Հայաստանի և Կիպրոսի միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին 1995թ.հունվարի 18-ի համաձայնագրի հիման վրա: Դատարանը վճռել է, որ Հայաստանը պարտավոր է ձեռնպահ մնալ վերջերս խորհրդարանի կողմից ընդունված “Էներգետիկայի մասին” և “Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին” օրենքներում փոփոխություններ կատարելուց, ինչպես նաև ՀԷՑ-ի ակտիվները հետ վերցնելուն ուղղված հետագա ցանկացած քայլից:

 

Այդուհանդերձ, Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը չի կատարվի։ Հայաստանի կառավարության հայտարարության մեջ, մասնավորապես, ընդգծվում է. «Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»:

Leave a Comment