
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ծագումով ադրբեջանցի Միխայիլ Գուսմանը ՌԴ վարչապետ Միշուստինի որոշումով ազատվել է ռուսական ՏԱՍՍ պետական գործակալության ղեկավարի տեղակալի պաշտոնից: Այդ պաշտոնը Գուսմանը զբաղեցնում էր շատ երկար ժամանակ՝ 1999 թվականից:
Գուսմանի համար ճակատագրական եղավ այցը օկուպացված Ստեփանակերտ, որտեղ նա մասնակցեց Իլհամ Ալիևի կազմակերպած գլոբալ մեդիաֆորումին և բնականաբար այն մասնակիցների շարքում էր, որոնք հիացական արտահայտություններ էին արել Ալիևի հասցեին:
Ադրբեջանի հետ գժտված Ռուսաստանը «չներեց» Գուսմանին այդ «հիացմունքը»:
Այստեղ իհարկե մի հարց է առկա: Կարո՞ղ էր այդքան բազմափորձ, տասնամյակների «օճառագետ» Գուսմանը չհաշվարկել, որ այդ հիացմունքը կարող են և չներել, չէ՞ որ հարաբերությունը լարված է:
Թե՞ Գուսմանն ուներ որոշակի համոզում, որ իրականում հարաբերության բուն էությունն ու կառուցվածքը այն չէ, ինչ երեւում է այսբերգի կամ հակասության տեսանելի մասում, հետեւաբար, ինչպես ասում են՝ «արխային» գնացել է օկուպացված Ստեփանակերտում կազմակերպված մեդիաֆորումին եւ արտահայտել իր հիացմունքն Ալիևով:
Այդ հիացմունքն այնքան կարևոր էր, որ գուսմանը դրա համար պատրաստ էր զոհաբերել իր կարիերա՞ն: Իհարկե նա բավականին մեծ տարիք ունի եւ այդ տարիքն այն չէ, որ կա բարձր կարգավիճակից կառչելու ծանրակշիռ մոտիվացիա: Առավել ևս, Ալլիևը կարող է իհարկե նաև փոխհատուցել շատ շռայլ: Բայց, բոլոր դեպքերում, համենայն դեպս ուշագրավ է, որ ՏԱՍՍ գործադիր տնօրենի տեղակալը գնացել, մասնակցել ու հիացել է, ազատվելով մի քանի օր անց:
Հավանաբար, նրան ազատել են ոչ այնքան գնալ, մասնակցել ու հիանալու համար, այլ պարզապես ընդհանուր տպավորությունը չփչացնելու: Որովհետև շատերի մոտ կառաջանար հարց, այդ ինչպես ե՞ն գժտվում Ռուսաստանն ու Ադրբեջանը, եթե ՌԴ պետական գործակալության երկրորդ պաշտոնյան միանգամայն հանգիստ ձևով մասնակցում է Ադրբեջանի նախագահի կազմակերպած արարողությանն ու անկաշկանդ հիանում նրանով»: