Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը նշել է Գյումրիում Վարդավառի միջոցառման չեղարկման պատճառը

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Գյումրու Վարդանանց հրապարակում Վարդավառի մեծ միջոցառում չի կազմակերպվի, քանի որ Միքայել Սրբազանը կալանավորված է։ Այս մասին Facebook-ի իր էջում կատարած գրառմամբ տեղեկացրել է պրոդյուսեր, Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը։
«Այս տարի Գյումրու քաղաքապետարանի հետ պլանավորել էինք Քրիստոսի Պայծառակերպության տոնը և Վարդավառը նշել մեծ շուքով ու յուրահատուկ լուծումներով, որը զբոսաշրջիկների մեծ հոսք կապահովեր Գյումրի: Սակայն հաշվի առնելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի քաղաքական բանտարկությունը և համարելով քրիստոնեական սույն տոնը տվյալ ժամանակահատվածում առանց մեր սրբազանի ներկայության տոնելը անպատեհ և հավատավոր հոտին ոչ վայել, մենք որոշել ենք զերծ մնալ Գյումրու Վարդանանց հրապարակում Վարդավառի մեծ միջոցառում կազմակերպելուց»,-գրել է նա։
Նա հորդորել է քաղաքացիներին և Գյումրիի հյուրերին մասնակցել Քրիստոսի Պայծառակերպության տոնի Սուրբ պատարագին հայրաքաղաքի եկեղեցիներում, իսկ Վարդավառը տոնել բակերում և թաղերում այնպես, ինչպես եղել է միշտ: