Կրիպտոշուկան վերահսկվում է․ ՀՀ –ում ուժի մեջ է մտել կրիպտոակտիվների մասին օրենքը

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը  պատասխանում է  թվային արժույթի վերաբերյալ հիմնական հարցերին․ ինչ է այն և ինչպես է աշխատում


ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Կրիպտոարժույթը բավականին տարածված է ներդրողների շրջանում և մի շարք երկրներում օգտագործվում է իրական գործարքներում։ Այսօր աշխարհում կրիպտոակտիվների ծավալը հասնում է 4 տրիլիոն դոլարի, և այս թիվը կաճի։


Հայաստանում «Կրիպտոակտիվների մասին» օրենքն ուժի մեջ է մտել 2025 թվականի հուլիսի 4-ին։ Դրա ընդունմամբ, ըստ ՀՀ Կենտրոնական բանկի, հաճախորդների համար մեծ հնարավորություններ են բացվել, քանի որ շատ ֆինանսական ծառայություններ դառնում են հասանելի և ճկուն 24/7 ռեժիմում։ Չնայած կան ռիսկեր։


Նման մտավախությունների համար իրական հիմքեր կան։ Այդ իսկ պատճառով «Նովոստի-Արմենիա» գործակալությունը որոշել է պատասխանել թվային արժույթի վերաբերյալ հիմնական հարցերին․ ինչ է այն և ինչպես է աշխատում։


Ի՞նչ է կրիպտոարժույթը


Կրիպտոարժույթը լայն իմաստով ակտիվ է, թվային փող։ Այն սովորաբար հիմնված է բլոկչեյնի վրա։ Տեխնոլոգիան օգտագործում է ապակենտրոնացված բազա՝ տեղեկատվությունը պահելու, ստուգելու և փոխանցելու համար։ Սա նշանակում է, որ բոլոր մասնակիցներն ունեն հասանելիություն ռեեստրի նկատմամբ, կարող են տեսնել գործառնությունները և հաստատել գործարքները։ Տվյալները «տեղադրվում» են բլոկերի շղթայում և պաշտպանված են կոդավորման և նույնականացման հատուկ մեթոդներով։ Այս առանձնահատկությունները թույլ են տալիս միաժամանակ հասնել թափանցիկության և անանունության։


Կրիպտոարժույթը տարբերվում է կանխիկից և բանկային հաշիվներում պահվող գումարից։ Փողի սովորական ձևերը պաշտոնապես հաստատված են որպես վճարային գործիք։ Յուրաքանչյուր երկրում փողը թողարկվում և վերահսկվում է պատասխանատու մարմինների՝ հաճախ կենտրոնական բանկերի կողմից։ Իսկ կրիպտոարժույթը նման մակարդակում ընդունված է դեռևս որոշ երկրներում։ Թվային փողի կիրառման շրջանակը որոշվում է պետության օրենքներով։ Որոշ տեղերում այն նման է այլ ձևերին և նույնպես օգտագործվում է վճարումների, փոխանցումների և խնայողությունների համար։ Մի շարք երկրներում կրիպտոարժույթները, հատկապես նրանք, որոնք չեն վերահսկվում կենտրոնական բանկի կողմից, սահմանափակ ֆունկցիոնալություն ունեն կամ ընդհանրապես արգելված են։


 Կրիպտոարժույթի կարգավորումը Հայաստանում


 Քանի որ կրիպտոակտիվները, բացի օգուտից, պարունակում են նաև որոշակի ռիսկեր՝ թե՛ սպառողների համար, թե՛ փողերի լվացման առումով, Հայաստանում կրիպտոակտիվների շուկան կկարգավորվի Կենտրոնական բանկի կողմից։ Այս կերպ Կենտրոնական բանկը փորձում է հավասարակշռել երկու իրականություն՝ ոլորտի զարգացումը և ռիսկերի կառավարումը։ Միաժամանակ, Կենտրոնական բանկը կկարգավորի միայն ֆինանսական ծառայությունների ոլորտը, այլ ոչ թե տեխնոլոգիաները։


ԱԺ–ի կողմից ընդունված «Կրիպտոակտիվների մասին» օրենքը սահմանում է կրիպտոակտիվների առաջարկի, առք ու վաճառքի, ծառայությունների տրամադրման և շուկայի վերահսկման ընդհանուր կանոնները։ Այս կարգավորումը, պահելով նորարարությունների խթանման և ռիսկերի արդյունավետ կառավարման միջև հավասարակշռությունը, իրավական դաշտում մտցնում է  որոշակիություն՝ հնարավորություն ստեղծելով, որ բիզնեսը գործի առավել կանխատեսելի և ապահով միջավայրում։


Այսպես, բանկերի մոտ լիզենցիաների առկայությունը, որոնք թույլ են տալիս նրանց զբաղվել բանկային գործունեությամբ, նրանց իրավունք չի տալիս գործարքներ իրականացնել կրիպտոակտիվներով։ Իսկ հոլդինգային խումբը, որը կցանկանա մատուցել նմանատիպ ծառայություններ, պետք է բացի նոր ընկերություն և ստանա նոր լիցենզիա։


«Կրիպտոակտիվների մասին» օրենքը սահմանում է ընկերությունների համար նվազագույն կապիտալի շեմեր և շուկա մուտք գործելու պայմաններ, հաճախորդների միջոցների պաշտպանության վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման և կրիպտոակտիվների շուկայում չարաշահումների կանխարգելման պահանջներ։ Օրենքը նաև նախատեսում է կրիպտոակտիվներով ծառայությունների առանձին հաշվետվության վարում ինչպես յուրաքանչյուր հաճախորդի, այնպես էլ սեփական միջոցների համար, ինչպես նաև հաշվետվությունների ներկայացում Կենտրոնական բանկին և հաճախորդներին։


Օրենքը նախատեսում է նաև այնպիսի կարգավորման մեխանիզմներ, որոնք շուկա մուտք գործելու հնարավորություն են տալիս միայն վստահելի և թափանցիկ ընկերություններին, ինչն անհրաժեշտ նախապայման է կրիպտոակտիվներ ձեռքբերողների իրավունքները պաշտպանելու և այս շուկայի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու տեսանկյունից։ 


Ընդ որում, կարգավորման համար հիմք է հանդիսացել «նույն գործունեություն, նույն ռիսկ, նույն կարգավորում» սկզբունքը, համաձայն որի՝ կրիպտոակտիվներով գործունեության իրականացումը, որն իր էությամբ նման է որևէ ավանդական ֆինանսական գործունեության և առաջացնում է նմանատիպ ռիսկեր, պետք է կարգավորվի նմանատիպ ձևով: 


 Իսկ հետո՞


Օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող վեց ամսվա ընթացքում ԿԲ խորհուրդը կընդունի օրենքը կարգավորող հիմնական ենթաօրենսդրական ակտերը, ներառյալ՝ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց գրանցման և լիցենզավորման, կրիպտոակտիվների առաջարկը կարգավորող նորմատիվ իրավական ակտերը։


Այն անձինք, ովքեր «Կրիպտոակտիվների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ արդեն իսկ կրիպտոակտիվներով ծառայություններ են մատուցում ՀՀ տարածքում, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց լիցենզավորումը կարգավորող ենթաօրենսդրական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, պետք է գրանցվեն և լիցենզավորվեն ԿԲ կողմից` որպես կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ։ 


Մինչև կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի ձևն ու բովանդակությունը կարգավորող ենթաօրենսդրական ակտն ուժի մեջ մտնելը՝ ՀՀ տարածքում հրապարակային առաջարկով վաճառված կրիպտոակտիվների թողարկողները կամ տեղաբաշխողները կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի ձևն ու բովանդակությունը կարգավորող ենթաօրենսդրական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, պետք է կազմեն, հրապարակեն և ԿԲ ներկայացնեն առաջարկի փաստաթուղթ, եթե «Կրիպտոակտիվների մասին» օրենքով բացառություններ սահմանված չեն։


«Կրիպտոակտիվների մասին» օրենքի կարգավորման ոլորտները


Կարգավորվող ծառայությունների հիմնական տեսակներն են առևտրային հարթակի գործարկումը, կրիպտոակտիվների պահպանումը, ակտիվին կցված տոկենների (stablecoin) առաջարկy, կրիպտոակտիվների գնումը և վաճառքը (փոխանակում) ձեր հաշվին, կրիպտոակտիվների գնումը և վաճառքը հաճախորդի հաշվին, կրիպտոակտիվներով գործարքներ կատարելու պատվերների ստացումը և փոխանցումը, կրիպտոակտիվների տեղաբաշխումը, կրիպտոակտիվների պորտֆելի կառավարումը, կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվությունը, կրիպտոակտիվների փոխանցումը։


 Հնարավորություններ, որոնք ընձեռում է կրիպտոարժույթը


 · Վճարման այլընտրանքային միջոց։ Այն մեծացնում է ֆինանսական փոխազդեցությունների շրջանակը և կարող է աջակցել տնտեսությանը ճգնաժամի ժամանակ։


· Անվտանգություն։ Բլոկչեյնը պաշտպանում է խնայողությունները և միջոցները գործարքների ընթացքում, այդ թվում՝ ներդրումների և բիզնեսի ոլորտում։


· Նոր տեխնոլոգիաների, ապրանքների և ծառայությունների ստեղծում և զարգացում։ Գործարքները տեղի են ունենում արագ և հաճախ նվազեցնում են ընկերությունների ծախսերը, օրինակ՝ էկվայրինգի դեպքում։ Եվ պետությունների համար սա ավելի հարմար միջազգային հաշվարկների հնարավորություն է։


· Համաշխարհային միտումների կառավարում։ Պետությունները, որոնք առաջինը «կսկսեն» օպտիմալ կիրառել թվային արժույթը, կորոշեն այս ոլորտի համընդհանուր կանոնները։ Ավելին, նրանք կավելացնեն ազդեցությունը տնտեսության և քաղաքականության վրա։


· Լրացուցիչ հնարավորություններ ներդրումների և խնայողությունների համար սա առավելություն է հիմնականում բնակչության համար։


Ինչո՞ւ երկրները չեն շտապում անցնել «ազգային կրիպտոարժույթի»


Խնդիրն այն է, որ պետությունների համար դժվար է կրիպտոարժույթի նկատմամբ առավելագույն վերահսկողություն ապահովել։ Դրա համար անհրաժեշտ է հստակ, գործող համակարգ, ներդրումներ տեխնոլոգիաներում և օրենսդրական փոփոխություններ։


Մեկ այլ պատճառ, թե ինչու թվային արժույթները չեն դարձել վճարման ունիվերսալ միջոց երկրների մեծ մասում, դրանց բարձր անորոշությունն է։ Դրանց փոխարժեքները կարող են փոխվել տասնյակ տոկոսներով մեկ օրվա ընթացքում, մինչդեռ սովորական, ֆիատային փողի փոխարժեքները կարգավորվում են կենտրոնական բանկերի կողմից և, հետևաբար, ավելի կայուն են։


Մարդիկ հակված են ընտրել ծանոթ համակարգեր, որոնք նույնպես միշտ չէ, որ հեշտ է հասկանալ նոր ֆինանսական ծառայությունների, օրենքների և պարտավորությունների ի հայտ գալու պատճառով։ Բացի այդ, նրանց թվում է, թե ազգային թվային արժույթի ներդրումը նվազեցնում է օգտատիրոջ ազատության և անանունության մակարդակը։


Ընկերություններն իրենց հերթին նույնպես զգուշանում են թվային արժույթներից, մասնավորապես՝ բանկերը։ Նրանք կարծում են, որ անցումը նոր ձևաչափի կհանգեցնի հաճախորդների արտահոսքի։


Այնուամենայնիվ, շատ փորձագետներ վստահ են, որ կրիպտոարժույթների օրինականացումը երկրների մեծ մասում անխուսափելի է, քանի որ պետության ղեկավարները սկսում են գիտակցել կրիպտոարժույթների առավելությունները դրանք տնտեսության մեջ ներդնելու դեպքում։


Շատ երկրներ արդեն զգալի առաջընթաց են գրանցել թվային արժույթի ոլորտում։ Այստեղ առաջատարը Չինաստանն է։ Նույնիսկ փորձարկման փուլում այլընտրանքային յուանի օգտագործումը համեմատելի էր որոշ երկրներում դասական փողի շրջանառության հետ։


Բահամյան կղզիների թվային արժույթներն այժմ լիովին գործում են։ Միաժամանակ, ստեղծվել են պրոդուկտներ ինչպես ներքին, այնպես էլ անդրսահմանային հաշվարկների համար։


Փորձնական նախագծեր են գործարկել Ֆրանսիան, Կանադան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հարավային Կորեան, Հարավային Աֆրիկան և Ուրուգվայը։


ԱՄՆ Կոնգրեսը մեկ շաբաթ առաջ ընդունեց կրիպտո օրենքներ՝ դրանք անվանելով պատմական։ Սպիտակ տունը կարծում է, որ օրենսդրությունը թույլ կտա Միացյալ Նահանգներին գլխավորել թվային արժույթների համաշխարհային հեղափոխությունը, ամրապնդել ազգային անվտանգությունը և ԱՄՆ դոլարի կարգավիճակը՝ որպես պահուստային արժույթ։


Հայաստանի հեռանկարները


Nine Blocks Capital Management-ի համահիմնադիր, ֆինանսական ծառայությունների ոլորտում համաշխարհային բեսթսելլեր «Ֆինանսների ապագան», «Կրիպտոարժույթի գիրքը» գրքերի հեղինակ Հենրի Արսլանյանը կարծում է, որ կրիպտոարժույթը կարող է մեծ հնարավորություններ բացել Հայաստանի համար։


Նա վստահ է, որ եթե Հայաստանը ընդունի բիթքոյնը որպես արժույթ և ներդրումներ կատարի դրանում, դա նրան մեծ առավելություններ կտա, հատկապես հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը։


«Աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերը շատ ակտիվ են թվային արժույթի ոլորտում։ Այս ոլորտի զարգացումները հատուկ հնարավորություններ են ստեղծում Հայաստանի և հայերի համար, քանի որ մենք ճկուն ենք, տաղանդավոր, կրթված, արագ ենք յուրացնում նոր տեխնոլոգիաները և կարող ենք օգտվել այս ասիմետրիկ փոփոխություններից», – հայտարարել է Արսլանյանը։


 Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։

Leave a Comment