Մոսկվան իր մտահոգություններն է հայտնել Երևանին ԵԱՏՄ օրակարգի որոշ թեմաների վերաբերյալ. Օվերչուկ

Ռուսաստանը քննարկում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում Հայաստանի հետ համագործակցությունը և նաև մտահոգություններ է արտահայտում ծագած որոշ հարցերի վերաբերյալ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությանը։ 

Վերջինս, անդրադառնալով Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու հեռանկարներին վերաբերող հարցին, նշել է, որ ԵԱՏՄ-ում համագործակցության շրջանակներում Մոսկվան ուշադրություն է դարձնում Հայաստանի կողմից կարգավորող և իրավական ոլորտում կայացրած որոշումներին։ 

«Խոսքն այստեղ Նիկոլ Փաշինյանի՝ ԵՄ-ին միանալու անսասան ցանկության մասին չէ։ Իհարկե, մենք քննարկում ենք ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխգործակցության հարցեր։ Եվ այս տեսանկյունից մենք ուշադրություն ենք դարձնում, թե Հայաստանը ինչ որոշումներ է կայացնում նորմատիվ իրավական տեսանկյունից։ Կան որոշ կառավարական ակտեր, որոնք մեզ համար հարցեր են առաջացնում»,-նշել է նա։ 

ՌԴ փոխվարչապետը հայտարարել է, որ այդ հարցերը մասնավորապես վերաբերում են ապրանքների հավաստագրման թեմաներին։ 

«Մենք խոսում ենք Եվրամիության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և այլ երկրների չափանիշներին համապատասխան հավաստագրված սննդամթերքի ընդունման մասին, որոնք չեն համապատասխանում Եվրասիական տնտեսական միության հավաստագրմանը։ Իհարկե, մենք մտահոգություններ ենք հայտնում նման հարցերի վերաբերյալ»,-շեշտել է փոխվարչապետ Օվերչուկը։

 

Leave a Comment