Հիմա Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերություններում իսկապես, մեղմ ասած, հեշտ շրջան չէ․ Զախարովա

Հիմա Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերություններո...

Ադրբեջանում պահվող Ռուսաստանի քաղաքացիների ազատ արձակումը դրականորեն կազդի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման վրա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հիմա Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերություններում իսկապես, մեղմ ասած, հեշտ շրջան չէ։ Ռուսաստանը նպատակաուղղված է այն չերկարացնել։ Մենք շուտափույթ կարգավորման հույս ունենք։ Այդ ճանապարհին նշանակալի քայլ կլիներ ազատ արձակումը Ռուսաստանի քաղաքացիների, որոնք շարունակում են ադրբեջանական իշխանությունների կողմից անազատության մեջ պահվել»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Զախարովան։

Հունիսի 30-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իրավապահ մարմինները գործողություն են իրականացնում «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում: Ավելի ուշ նախարարությունում հայտնել են գործակալության գրասենյակում մի քանի անձանց, այդ թվում՝ «Sputnik Ադրբեջան»-ի ղեկավար Իգոր Կարտավիխի և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովի ձերբակալության մասին: Հուլիսի 1-ին Բաքվի շրջանային դատարանը Կարտավիխին և Բելոուսովին կալանավորել է չորս ամսով: «Sputnik Ադրբեջանի» լրագրողներին առաջադրվել են մեղադրանքներ Ադրբեջանի քրեական օրենսգրքի «Խարդախություն՝ խոշոր վնասի պատճառմամբ», «Անօրինական ձեռնարկատիրություն՝ խոշոր չափի եկամտի ստացմամբ», «Հանցավոր ճանապարհով ձեռք բերված ունեցվածքի  օրինականացում» հոդվածներով։

Sputnik-ի խմբագրությունում հայտնել են, որ Ադրբեջանում աշխատելու ոչ մի պաշտոնական արգելք չեն ստացել, ընթացել է երկխոսություն աշխատանքային խմբերի մակարդակով հնարավոր տարաձայնությունների կարգավորման համար։

Բաքուն կալանավորել է նաև մի քանի այլ ռուսաստանցիների՝ նրանց մեղադրելով կազմակերպված հանցավոր խմբավորման մաս կազմելու և Իրանից թմրանյութերի մաքսանենգության մեջ։

Մինչ այդ Եկատերինբուրգում ՌԴ իրավապահները ձերբակալել էին մի քանի ադրբեջանցիների, որոնք մեղադրվում են 2001, 2010, 2011 թվականներին էթնիկ հանցավոր խմբի կազմում պատվիրված սպանություններին և սպանության փորձերին մասնակցելու մեջ. նրանցից երկուսը մահացել էին։ 

Երկու երկրները բողոքի նոտաներ են փոխանակել։ 

Leave a Comment