Grupo Murano-ն վաճառում է իր անշարժ գույքը բիթքոին գնելու նպատակով

Մեքսիկայում հիմնված 1 միլիարդ դոլար արժողությամբ Grupo Murano անշարժ գույքի ընկերությունը հայտարարել է իր ռազմավարական քայլի մասին, որն է՝ անցում կատարել ավանդական գույքահեն մոդելներից դեպի բիթքոինի վրա կենտրոնացած մոտեցման։

Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Էլիաս Սակալը կարծում է, որ բիթքոինը շուտով անշարժ գույքից ավելի բարձր է գնահատվելու՝ դառնալով ավելի կայուն արժեք քան վարկերի վրա հիմնված անշարժ գույքը ներկայիս բարձր տոկոսադրույքների պայմաններում։ Վերաֆինանսավորման և վաճառք-վարձակալության մեխանիզմների միջոցով ընկերությունը նպատակ ունի փոխակերպել իր ակտիվները բիթքոինի՝ միաժամանակ պահպանելով վերահսկողությունը գործընթացների վրա։

Grupo Murano-ն նպատակ ունի հինգ տարվա ընթացքում ունենալ 10 միլիարդ դոլարանոց բիթքոինի գանձարան՝ բիզնեսի 70-80%-ն ուղղելով կրիպտոարժույթին, իսկ մնացածը՝ անշարժ գույքի զարգացման նախագծերին։ Ընկերությունը պլանավորում է ինտեգրել բիթքոինի բանկոմատներ, ընդունել կրիպտոյով վճարումներ իր հյուրանոցներում և կրթել աշխատակիցներին, ներդրողներին ու հյուրերին՝ դիրքավորվելով որպես անշարժ գույքի ոլորտում կրիպտոյի առաջատար կիրառող։

Հիմնական նպատակներից մեկն է նաև նվազեցնել միջնորդ ընկերությունների հետ համագործակցությունների քանակը և խուսափել արտարժույթի փոխանակման ու վճարային համակարգերի հետ կապված միջնորդավճարներից։

Սակայն սա միայն ֆինանսական քայլ չէ։ Սակալը վստահ է, որ բիթքոինը կարող է միավորել Լատինական Ամերիկայի տնտեսությունները և նվազեցնել տարածաշրջանի կախվածությունը զբոսաշրջությունից ու արտերկրից ուղարկվող դրամական միջոցներից։ Նա մերժում է այլ կրիպտոարժույթները՝ անվանելով բիթքոինը «չեմպիոն» և հավատում է, որ ապագայում անշարժ գույքի միջազգային փոխանցումները կատարվելու են հենց բիթքոինով՝ ստեղծելով ավելի կայուն և ապակենտրոնացված ֆինանսական համակարգ։

Leave a Comment