Կամբոջայի բանակը հակահարված է հասցրել թայլանդական ներխուժմանը․ Khmer Times

Կամբոջայի զինված ուժերը հակահարձակում են սկսել թաիլանդական զորքերի դեմ, ինչը տեղի է ունեցել երկու երկրների սահմանին՝ այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած զինված միջադեպից հետո։ Այս մասին հայտնել է Khmer Times թերթը՝ հղում անելով Կամբոջայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, գեներալ-լեյտենանտ Մալի Սոչհեաթին։
Նրա խոսքով՝ կամբոջական բանակը գործում է խիստ ինքնապաշտպանության շրջանակներում՝ պատասխանելով թայլանդական զորքերի չհրահրված ներխուժմանը, որը «խախտել է Կամբոջայի տարածքային ամբողջականությունը»։ «Զինված բախումները տեղի են ունեցել Կամբոջա-Թաիլանդ սահմանագծով՝ Օդդար Մյենչեյ նահանգում», — հայտնել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։
Ինչպես նշում է Khmer Times-ը՝ բախումները սկսվել են առավոտյան ժամը 07:30-ի սահմաններում՝ Օդար Մեանչեյ նահանգի վիճահարույց սահմանային գոտու մոտ։ Տեղի բնակիչները պարբերականին հայտնել են, որ լսել են ինտենսիվ փոխհրաձգության և պայթյունների ձայներ՝ մատնանշելով, որ երկու կողմերն էլ հնարավոր է օգտագործում են ծանր սպառազինություն։ Իրավիճակը շարունակում է մնալ լարված, քանի որ, ըստ տեղեկությունների, երկու կողմերն էլ ամրապնդում են սահմանի երկայնքով իրենց դիրքերը։
Կամբոջայի և Թաիլանդի հարաբերությունները շարունակում են վատթարանալ՝ մայիսի 28-ին տեղի ունեցած զինված միջադեպից հետո։ Այդ օրը թաիլանդական զինվորները կրակ են բացել կամբոջական ռազմական դիրքի վրա, որը գտնվում է Պրեահ Վիհեար կամբոջական նահանգի և Ուբոն Ռաթչաթհանի թաիլանդական նահանգի միջև գտնվող վիճելի տարածքում՝ Ֆոնգ շրջանի Տեչո Մորոկոտ գյուղում։ Միջադեպի հետևանքով մեկ կամբոջացի զինծառայող է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են։

Leave a Comment