Մադրիդի «Ատլետիկոն» պաշտոնապես հայտարարել է իսպանացի կիսապաշտպան Սաուլ Նիգեսի հետ պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ խզելու մասին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ խաղացողը կտեղափոխվի բրազիլական «Ֆլամենգո»:
«Ակումբի անունից ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Սաուլին ավելի քան 15 տարվա համար, որ նա պաշտպանել է մեր ակումբի գույները՝ ակադեմիայից մինչև առաջին թիմ։ Նա մեր թիմ եկավ որպես երիտասարդ, խոստումնալից խաղացող, և ավելի քան 400 խաղից հետո նա արդեն դարձել է մեր պատմության մի մասը և մեր լեգենդներից մեկը։ Մաղթում եմ նրան և նրա ընտանիքին հաջողություն այս նոր փուլում և նրա բոլոր ապագա անձնական և մասնագիտական գործերում։ Այս ակումբը միշտ կլինի նրա տունը», — «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոյի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը ։
Սաուլը մադրիդյան թիմում խաղում է 2012 թվականից, նա «ներքնակագործների» կազմում անցկացրել է 427 խաղ, խփել 48 գոլ և կատարել 26 գոլային փոխանցում։ Մադրիդյան ակումբի կազմում կիսապաշտպանը դարձել է Իսպանիայի չեմպիոն, նվաճել երկրի գավաթը և Սուպերգավաթը, երկու անգամ դարձել է Եվրոպա լիգայի և մեկ անգամ՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող։