Երբ մի բիզնեսմենի հետապնդում են, մյուսները հետաձգում են բոլոր ներդրումները. 2024–ին կապիտալի արտահոսք է եղել. Արամյան

Եթե երկրում կարող են բիզնեսմենին հետապնդել, բանտարկել, դրա հետեւանքը լինում է այն, որ ռացիոնալ մտածող բիզնեսմենները կսկսեն հետաձգել բոլոր տեսակի ներդրումային ծրագրերը, ավելորդ ընդլայնումների չգնալ, պահպանել ավելի շատ չեզոքություն և մտածել փողը երկրից դուրս հանելու մասին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։
«Ի՞նչ ենք մենք տեսնում օտարերկրյա ուղղակի ներդրումների ցուցանիշներում 2024 թվականին։ Եթե ձեզ մոտ այդպիսի վիճակ է, գումարած դրան դու ունես անվտանգային խնդիրներ, մոռացեք, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները հորդելու են Հայաստան։ Այդպես չի լինելու։ Մենք ունենք արդեն մտահոգիչ ցուցանիշներ։ 2024–ին իրական հատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումները եղել է մինուս 44 միլիարդ դրամ, այսինքն իրականում դուրս է հոսել։ Կապիտալի արտահոսք է եղել։
Ինչ կլինի 2025 թվականին, կարծում եմ՝ կլինի սրա շարունակությունը, որովհետև նույնիսկ ներքին բիզնեսը արդեն վախեր է տեսնում, որ կարող է վաղը մյուս օրը ինչ-որ մի բան անի, կամա թե ակամա, որը դուր չգա կառավարության ղեկավարին և հաջորդ օրը հեռախոսով իրենց մոտ լինի վատ հետևանքներ, ընդհուպ մինչև ձերբակալություններ։ Սա նաև տնտեսական ողնաշարն է կոտրում»,– հայտարարեց նախկին նախարարը։

Leave a Comment