Իմացեալ պայքար վասն Հիսուս Քրիստոսի, վասն Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և վասն Ամենայն Հայոց Կաթողիկոսի. Տաթեւ սրբազան


Հանդիպում

Վերջին յոթ տարվա ընթացքում արտաքին  ուժերի կողմից ՀՀ իշխանությանը պարտադրվող՝ հայ ինքնության դեմ սողացող պատերազմի հերթական փուլը  Հայոց Եկեղեցու դեմ տեղեկատվական-քարոզչական այս վայրագ արշավն է, որ հաջորդեց հայագիտության և Հայ Եկեղեցու պատմության դեմ ձեռնարկված հայտնի իրողություններին։ Այս ամենը հիշեցնում է թրքա-բոլշևիկյան ժամանակները, երբ պատմական հայրենիքի զոհաբերումից հետո ամեն ինչ արվում էր՝ ազգային հիշողությունը խլացնելու, անցյալը ջնջելու, ժողովրդի գիտակցությունը մթագնելու համար։

Այն ժամանակ ազգային դեմք ու դիմագիծ ունեցող, հայրենասեր գործիչների շարքում  ձերբակալվում, գնդակահարվում, խեղդամահ էին արվում նաև  հայ հոգևորականներ՝ հակահեղափոխական, հակախորհրդային, օտարերկրյա գործակալության և այլ ծանրագույն, անհիմն  մեղադրանքներով, որոնց հաջորդում էին եկեղեցիների մասսայական փակումներն ու  քանդումները՝ քրիստոնեական մի ողջ քաղաքակրթության ոչնչացմամբ և եկեղեցական հազվագյուտ գանձերի կողոպտմամբ։ Ի դեպ, 1930-ական թվականներին գնդակահարված հարյուրավոր հոգևորականների շարքում էին նաև Մայր Աթոռի միաբաններ Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանը և Շիրակի թեմի առաջնորդ Արտակ եպիսկոպոս Սմբատյանցը։ Այսօր էլ, ճակատագրի քմայքով, համանման մեղադրանքներով ձերբակալված են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը․․․ Եվ ինչպես դար առաջ, հայ ինքնության վերացման այս քաղաքականությանը զուգահեռ՝ Հայաստանը շարունակ ունենում է տարածքային կորուստներ։

Մի խոսքով՝ իրական և ոգեղեն հայրենիքի դեմ պատերազմ է տարվում երկու ճակատով, և ակնհայտ է, որ այս արշավը Եկեղեցու առաքելության և դավանած արժեհամակարգի դեմ է՝ որպես ազգային  ինքնության ամուր հաստատության և պատմական հիշողության տեր ու տիրակալի։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հետ:

— Սրբազան հայր, կմեկնաբանե՞ք  Եկեղեցու դեմ  ներկա մեղադրանքների ընդհանուր պատկերը՝ հանրությանը պարզորոշ դարձնելու ամբողջ գործընթացը։ 

— Հայոց պատմության ողջ ընթացքում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել է ոչ միայն հոգևոր կառույց, այլև ազգային ինքնության և պետականության պահպանման հիմնասյուն։ Եվ վերջին տարիներին՝ ներկայիս իշխող վարչակարգի օրոք, Եկեղեցին բազմիցս դարձել է հարձակումների և անհիմն մեղադրանքների թիրախ։ Առանձնացնենք հիմնական մեղադրանքները՝ դրանց զրպարտու, անհեթեթ, կեղծ  բնույթը բացահայտելով փաստարկված հակադարձումներով։

Առաջին՝  ասում են՝ Հայ Եկեղեցին ռուսամետ է: Ի գիտություն չիմացողների՝ կրկնենք՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին քաղաքական կառույց չէ․ նրա հիմնական առաքելությունը հայ ժողովրդի կյանքում՝ ի Հայաստան և ի սփյուռս, Ավետարանի քարոզչությունն է և իր բանավոր հոտի հոգու փրկությունը: Հայ Եկեղեցու ռուսամետ լինելը իրականությանը չի կարող համապատասխանել նաև հետևյալ պատճառներով.

1. ՀԱԵ-ի թեմերի մեծ մասը գտնվում է Արևմուտքում՝ եվրոպական մի շարք երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Մերձավոր Արևելքի որոշ երկրներում։ Միայն ԱՄՆ-ում գործում են երկու՝ Արևելյան և Արևմտյան թեմերը, որոնք իրականացնում են ոչ միայն հոգևոր, այլև կրթական ու սոցիալական գործունեություն։

2. Հայ Եկեղեցու կամ Ամենայն Հայոց Կաթողիկոսի քաղաքական կամ աշխարհաքաղաքական կողմնորոշման մասին խոսելը կեղծ օրակարգ է, քանի որ եկեղեցական բոլոր համագումարները, երկկողմ հանդիպումները, պաշտոնական այցերը տեղի են ունենում եկեղեցական և հոգևոր, ոչ թե քաղաքական հարթությունում։ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը բազմիցս հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների, բարձրաստիճան պաշտոնյաների և դիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ բարձրացնելով Հայոց ցեղասպանության, Արցախի բռնազավթման, արցախցիների և ընդհանրապես քրիստոնյաների իրավունքների հարցերը, որոնք զուտ քաղաքական հարցեր չեն։ Իսկ ինչ վերաբերում է ոմանց հղում արած՝ Ռուսաստանի նախագահի կողմից  Վեհափառ Հայրապետին շքանշանով պարգևատրելու փաստին, ապա պետք է հիասթափեցնենք վերջիններիս, քանի որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շքանշանների և տարբեր պետական բարձր պարգևների է արժանացել ոչ միայն Ռուսաստանի Դաշնության, այլև մի շարք երկրների ղեկավարների կողմից: Հետևաբար՝ «ռուսամետ» պիտակավորումը որևէ հիմնավորում չունի, իրականությանը չի համապատասխանում։

Երկրորդ՝ ասում են՝ Եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ: Եկեղեցին չի կարող լռել և պարտավոր է գործել, երբ խոսքը վերաբերում է ազգային անվտանգությանը, պետականությանը, Հայոց ցեղասպանության ժխտմանը կամ ճանաչմանը, Արցախի հայաթափմանն ու արցախահայության իրավունքներին, միով բանիվ՝ պատմական արդարությանը, ազգային-բարոյական արժեքներին ու հիմնախնդիրներին։ Վերոնշյալները սահմանափակ քաղաքական հարցեր չեն, այլ ազգային գոյաբանական բացարձակ հիմնախնդիրներ։ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը, թեմակալ առաջնորդները Հայաստանում և սփյուռքում ամենաբարձր ամբիոններից բազմիցս բարձրաձայնել են Արցախի, Հայոց ցեղասանության և Հայ դատի հետ կապված հիմնահարցերը, կազմակերպել վերոնշյալ թեմաներով միջազգային գիտաժողովներ, իրականացրել սոցիալական ծրագրեր: Հայ Առաքելական Եկեղեցին քանիցս բարձրաձայնել է նաև ՀՀ գործող իշխանության կողմից վարվող քաղաքականության կործանարար հետևանքների մասին: Հետևաբար՝ Եկեղեցին քաղաքականությա՛մբ չի զբաղվում, այլ հոգեփրկչական առաքելությանը զուգահեռ՝ գործում է ի նպաստ համազգային գոյաբանական նշանակության խնդիրների լուծման։

Երրորդ՝ ասում են՝ Եկեղեցին կոչ է արել ռազմական հեղաշրջման: Այս մեղադրանքը ևս հիմնազուրկ է և վտանգավոր։ Նման հայտարարություններն ավելի շատ քաղաքական շահարկում են, քան իրական փաստերի վրա հիմնված գնահատական։ Հայ Առաքելական Եկեղեցին պաշտոնապես երբեք կոչ չի արել իշխանափոխության կամ բռնության: 2020 թ․ պատերազմից և կապիտուլյացիայից հետո բազմաթիվ քաղաքացիներ, անհատներ, հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ դժգոհել են իշխանություններից, այդ թվում նաև հոգևորականներ։ Վեհափառ Հայրապետը հորդորել է վարչապետին թողնել պաշտոնը՝ տեսնելով պետության առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու ճանապարհին կատարվող գործողությունների աղետալի հետևանքները: Եվ դա եղել է ոչ թե ռազմական հեղաշրջման քարոզ, այլ հայրապետական հորդոր։

Ավետարանական ու քրիստոնեական ոգով դաստիարակված ու կրթված հայ հոգևորականը երբեք ու երբեք չի կարող իր ազգի, Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծված իր եղբայրների ու քույրերի արյան հեղման կոչեր անել։ Հետևաբար՝ ռազմական հեղաշրջման մեջ Եկեղեցուն մեղադրելն ուղղակիորեն ծառայում է Եկեղեցու վարկաբեկման նպատակին՝ ջուր լցնելով թշնամու քարոզչամեքենայի ջրաղացին։ Ուստ և՝ անհիմն են նույնպես Հայ Եկեղեցու երկու բարձրաստիճան հոգևորականների՝ Գերաշնորհ Տ. Բագրատ արք. Գալստանյանի և Տ. Միքայել արք. Աջապահյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը:

Չորրորդ՝ ասում են՝ Եկեղեցին ահաբեկչական կառույց է․  սա տարածվում է նաև թուրք-ադրբեջանական մամուլում․ Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը տարիներ շարունակ փորձել է վարկաբեկել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին միջազգային հարթակներում, և այսօր այդ քարոզչությանը միացել են նաև հայրենի իշխանությունները՝ ձեռք ձեռքի տալով մեր թշնամիների հետ:

Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականները արցախյան բոլոր պատերազմների ժամանակ եղել են մարտնչող հայ զինվորականի կողքին՝ խաչով ու զենքով  պաշտպանելով հայրենյաց հողն ու մեր սրբությունները: Հայ Եկեղեցու դեմ արտաքին ու ներքին այս քարոզչական-տեղեկատվական պատերազմն իրականում հարված է՝ հայ ինքնությունը խարխլելու, քանի որ Եկեղեցին մեր ինքնության և պատմության անտրոհելի առանցքն է։

Սրբազա՛ն  հայր, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող քաղաքական իշխանությունը եթե հասնի իր նպատակին, հոգևոր իշխանությունն այլևս կկորցնի իր անկախությունն  ու սրբազան առաքելությունը՝ խիստ վնաս հասցնելով  նաև մեր ազգային  գոյաբանական պատնեշներին։ Նկատի ունենք գործող իշխանության որդեգրած քաղաքականությունը և աշխարհայացքը, որ Եկեղեցի  մուտք գործելու պարագայում կարող են  ներսից կազմաքանդել այն։ Եկեղեցական  կյանքում դա նախադեպ կդառնա նաև հարկ եղած դեպքում վարչական ճնշման գործադրման և քաղաքական իշխանության կամքի թելադրմամբ պաշտոնների նշանակման՝ ընդհուպ մինչև Ամենայն Հայոց Գահակալի։  Հայ Եկեղեցին դիմագրավելու և իր դարավոր դիմագիծը պահպանելու վճռականություն կդրսևորի՞։

— Ամենայն Հայոց Կաթողիկոսը համայն հայության Կաթողիկոսն է։ Այսօր ամբողջ աշխարհում հայության թիվը շուրջ 10-11 միլիոն է, և 70 տոկոսից ավելին ապրում է հայրենիքից դուրս, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվում է Ազգային-եկեղեցական ժողովում՝ աշխարհասփյուռ հայությանը ներկայացնող պատգամավորների կողմից, որոնց գերակշիռ մասը՝ գրեթե 80 տոկոս, աշխարհականներ են, իսկ մնացյալ մասը՝ հոգևորականներ։ Հետևաբար՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Կաթողիկոսը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում ապրող հայերի Կաթողիկոսն է, այլև համայն հայության։

Աշխարհում չի եղել նախադեպ, բացառյալ բռնատիրական հասարակարգերի շրջանները, երբ քաղաքական իշխանություններն այսքան գռեհիկ կերպով միջամտեն Եկեղեցու ներքին հոգևոր գործերին և փորձեն օրակարգ ու գործելաոճ թելադրել Եկեղեցուն։

 Եթե անգամ մի պահ իրականացված պատկերացնենք Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված արշավի կարգախոսերը, ապա կստացվի հետևյալ պատկերը։

 Եթե ըստ ՀՀ ներկա վարչապետի՝ Գարեգին Բ-ն Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ, ապա 1999 թվականից սկսյալ՝ օծված բոլոր եպիսկոպոսները եպիսկոպոսներ չեն, նրանց ձեռամբ օծված քահանաները քահանաներ չեն, վերջիններիս ձեռամբ մկրտված հավատացյալները լիարժեք քրիստոնյաներ չեն, բազմաթիվ օծված եկեղեցիների օծումն անվավեր է, և այսպես շարունակ։ Փաստացի սա նշանակում է, որ օրվա քաղաքական իշխանությունը չի ընդունում Հայ Եկեղեցին, իրենց համար իրականում չկա Եկեղեցի,  և իրենք անվարան կերպով պղծում են նաև Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակը, որովհետև այդ սրբադասումը ևս եղել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակով։

 Հայոց Եկեղեցու ողջ հոգևոր դասը՝ եպիսկոպոսից մինչև դպիր՝ մեկ հոգի, մեկ միտք ու մեկ խոսք դարձած, միասնական են Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ, որը  է՛ և պիտի՛ մնա Ամենայն Հայոց Կաթողիկոս: Եվ թող մեզ չստիպեն դիմել եկեղեցական սարսափելի նզովքի գործադրմանը՝ այլ ճանապարհ չթողնելով։  Մենք պատրաստակամ ենք անգամ գիտակցված նահատակության՝ հանուն Ամենայն Հայոց Կաթողիկոսության։ Եթե հարձակում գործեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ, Հայ Եկեղեցու հոգևորականները միահամուռ կդառնան պաշտպան զինվորներ՝ հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:

 Ուստի, որպես Հայոց Եկեղեցու խոնարհ սպասավոր և սփյուռքում ծառայող եպիսկոպոս՝ վերջին անգամ հորդորում և զգուշացնում եմ. մի՛ խառնվեք Աստծո գործերին։ 2000 տարի ի վեր Քրիստոս է առաջնորդել Իր հիմնած Եկեղեցին, և ամեն բան Նրա կամքով է կատարվում։ Զգուշացեք աստվածամարտ լինելուց։ Ո՞վ է ձեզ վստահեցրել, որ դուք եք ամենանմեղները և կարող եք քար նետել ամենայն ուղղությամբ։

— Սրբազա՛ն Հայր, ինչպե՞ս  կհանգուցալուծվի Եկեղեցու դեմ  մղվող այս առճակատումը, և ի՞նչ պատգամ կհղեք այս պահին մեր ժողովրդին։

Սիրելի՛ հավատացյալ ժողովուրդ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հազարամյակների ընթացքում հաղթահարել է անհաղթահարելի թվացող շատ ու շատ մարտահրավերներ, պատնեշներ, քանզի Քրիստոսահիմն է, իսկ ներկայիս իշխանությունները, իրենց՝ հայրենասիրության թշնամի գլոբալիստական և աշխարհաքաղաքացիության  հայացքներով ուղղակի սարսափում են Հայ Եկեղեցուց և Քրիտոսի Սուրբ Խաչի նշանից՝ փորձելով տկարացնել հալածանքների միջոցով: Սակայն հալածանքները դառնալու են միայն ու միայն թրծվելու, առավել զորանալու միջոց՝ սկիզբ դնելով հալածողի կորստյանը․․․

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Leave a Comment