«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը
– Տիկի՛ն Ղազարյան, հունիսի 16-25-ը Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) անցկացրած հեռախոսային հարցման արդյունքներով հարցվածների 13%-ն է միայն ամենաշատը վստահում Նիկոլ Փաշինյանին։ IRI-ի նախորդ հարցման համեմատ՝ Փաշինյանի վարկանիշը նվազել է ևս 3 տոկոսով։ 2024 թվականին նրան վստահում էր հայաստանցիների 16%-ը։ Մտահոգիչ համարո՞ւմ եք այս ցուցանիշները:
– Մտահոգիչ չեմ համարում, ու չպետք է այս հարցման արդյունքներն ամբողջականի մեջ դիտարկել, չնայած որևէ հարցում ամբողջական պատկերը, միևնույն է, չի արտահայտում: Կարևոր է նկատել նաև, որ մենք իրականում շարունակում ենք մնալ ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական ուժը այն քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք այս պահին կան դաշտում:
Շատ են այն մարդիկ, որոնք կողմնորոշված չեն, ես չեմ ուզում ասել, թե այդ խումբը հիասթափված է, նրանք ավելի շատ կողմնորոշված չեն: Միշտ էլ մտահոգիչ չեմ համարել սոցհարցումների արդյունքները, որովհետև մենք այն քաղաքական ուժն ենք, որ անընդհատ չի մտածում իր վարկանիշի մասին, այլ անում է աշխատանքներ, որոնք կարող են նաև բացասական ազդել վարկանիշի վրա կամ ընդհակառակը, եթե այդպես առաջնորդվեինք, ապա որևէ բան չպետք է անեինք:
– Ձեր քաղաքական ուժի վարկանիշի անկումն ինչո՞վ եք պայմանավորում:
– Չեմ կարող հստակ ասել, բայց կարծում եմ, որ այս տարի ներքաղաքական գործընթացները բավականին ակտիվ էին, ու գուցե այդ առումով որոշ մարդիկ, հիբրիդային հարձակումների զոհ լինելով, ճիշտ չեն գնահատել իրավիճակը, այդ պատճառով էլ նման արդյունք է եղել, բայց ես կարծում եմ, որ դա ժամանակավոր է, գուցե երկու ամիս հետո բոլորովին այլ արդյունք լինի:
– Համակարծիք չե՞ք այն տեսակետներին, որ Եկեղեցու շուրջ ծավալվող գործընթացները որոշ չափով նպաստել են, որ ձեր քաղաքական թիմի վարկանիշն անկում գրանցի:
– Խոսեցի հիբրիդային հարձակումների մասին, երբ որոշ լրատվականներ անընդհատ փորձում են մարդկանց ցույց տալ, թե պայքարը Եկեղեցու ու իշխանության միջև է, բայց դա այդպես չէ, մենք ի սկզբանե խնդիր չենք ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու հետ: Մենք հանուն Եկեղեցու պայքար ենք իրականացնում, ու դա լինելու է շարունակական, քանի դեռ մենք չենք կարողացել ազատել Եկեղեցին որոշ հոգևորականներից: Սխալ մեկնաբանության զոհ կարող են լինել շատերը, ինչի հետևանքով էլ հարցումներով նման պատկեր կարող գրանցվել:
– Տիկի՛ն Ղազարյան, եթե ձեր թիմին հաջողվի Վեհափառին հեռացնել, կարծում եք՝ ձեր վարկանիշը կաճի՞:
– Դժվար է ենթադրություններ անել, բայց ես կարծում եմ, որ հասարակության մեծ մասը հասկանում է, թե ինչի մասին է խոսքը, ժողովրդից եկող աջակցությունը կա այդ հարցում, համոզված եմ, որ մենք ճիշտ ճանապարհով ենք գնում ու փորձելու ենք աջակցել այն իրական հոգևորականներին, որոնք հավատարիմ են իրենց ուխտին:
– Նիկոլ Փաշինյանը պատրաստ լինելու կոչ էր արել, որպես քաղաքական թիմի անդամ՝ տեղյա՞կ եք, թե երբ է նախատեսվում հավաքը Վեհարանի տարածքում:
– Դեռ հստակ ոչինչ չկա, բայց, ինչպես գիտեք, այդ առաջնորդությունը վարչապետը վերցրել է իր վրա, իր նպատակն է խաղաղ հավաք իրականացնել, մեր հավաքը լինելու է սիրով ու քրիստոնեաբար, ոչինչ չի լինելու ուժով, ինչպես փորձում են ներկայացնել որոշ հոգևորականներ ու իհարկե ընդդիմությունը: Բռնությամբ ուղեկցվող հավաք չի եղել ո՛չ հեղափոխության օրերին, ո՛չ էլ կլինի այս անգամ:
– Այսինքն՝ կարծիքները, որ Փաշինյանը քաղաքացիական բախումներ է հրահրում, չափազանցվա՞ծ եք համարում:
– Դա բացարձակապես կապ չունի իրականության հետ, ու ես մեր հայրենակիցներին կոչ կանեմ հարցին մոտենալ այն տրամաբանությամբ, որ Մայր Աթոռը համայն հայության սրբատեղին է, այլ ոչ թե մի քանի հոգևորականներին պատկանող տարածք:
– Ասում եք, որ համայն հայությանն է Եկեղեցին, աշխարհասփյուռ հայ համայնքների ներկայացուցիչների հետ ձեր թիմը խոսե՞լ է, նրանք համաձա՞յն են ձեզ հետ, որ Կաթողիկոսին պետք է հեռացնել:
– Ես կարծում եմ, որ իրենք կբարձրաձայնեն իրենց կարծիքը: Կոնկրետ ես այս գործընթացի մեջ մեծ դերակատարում չունեմ, բայց ժամանակի ընթացքում, կարծում եմ՝ բոլորն էլ կհայտնեն իրենց կարծիքը:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am