Սամվել Կարապետյանը հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում ՀԷՑ-ը պետականացնելու գործով

Արբիտրաժի որոշումը ՀՀ կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման


ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Այս մասին հայտնում է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։


Հայտարարության մեջ նշվում է, որ արբիտրաժային գործի քննությունը Կարապետյանների ընտանիքը նախաձեռնել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում (SCC)` Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև 1995թ․ հունվարի 18-ին կնքված Ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրով սահմանված կարգով։


Գործի քննությանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչը։


2025 թ.-ի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։


Արբիտրաժը եկել է այն եզրահանգման, որ անհրաժեշտ է կիրառել ապահովման անհետաձգելի միջոցներ, քանզի Հայաստանի Հանրապետության գործողությունները «Հայաստանի և Կիպրոսի միջև գործող փոխադարձ ներդրումների փոխադարձ պաշտպանության համաձայնագրին համապատասխանելու լուրջ կասկածներ են առաջացնում»։


Արբիտրաժը նաև նշել է, որ «ապահովման անհետաձգելի միջոցների բացակայության պայմաններում հայցվորների համար դժվար է լինելու ստանալ վնասի ամբողջական հատուցում, եթե նրանք կորցնեն ընկերության նկատմամբ վերահսկողությունը, կամ, ինչն ավելի վատ է՝ դադարեն լինել դրա սեփականատերը»։


Արտակարգ արբիտրաժի որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման։


 ՀԷՑ-ի պետականացման մասին


Հուլիսի 8-ին ՀՀ նախագահը ստորագրել է մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք թույլ են տալիս պետականացնել ՀԷՑ-ը։ Փոփոխությունները նախաձեռնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հուլիսի 3-ին ԱԺ-ն հաստատել է նախագիծը։ Այդ փոփոխությունները ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին լիազորում են վարչական վարույթ սկսել էներգետիկ օպերատորի դեմ, եթե կան համապատասխան հիմքեր։


 

Leave a Comment