Նա դերասանուհի է, ռեժիսոր, աշխարհի քաղաքացի, ով իր արմատներով ամուր կառչած է հայկական հողին։ «Սփյուռքի ձայնը» հաղորդման հյուրն այս անգամ միջազգային ճանաչում ունեցող, անկեղծ ու խորաթափանց արվեստագետ, դերասան և ռեժիսոր Նորա Արմանին է։ Նրա հետ զրույցը ոչ թե պարզապես հարցազրույց է, այլ ախտորոշում՝ մեր կինոյի ու թատրոնի վիճակի դառը, բայց անհրաժեշտ ախտորոշումը, որը բացահայտում է մեր մշակութային ներուժի և իրականության միջև առկա խորը, ցավալի անդունդը։
Ինչո՞ւ է հայկական տաղանդը հաճախ շնչահեղձ լինում նեղ շրջանակում։ Ինչո՞ւ ենք դատապարտված դիտելու «խառոշի մարդկանց» ու անվերջ ոճրագործների մասին պատմություններ, երբ մեր պատմության էջերը լի են դրամատիկ, հուզիչ ու համամարդկային նյութերով։ «Փոխանակ անընդհատ ոճրագործների, մաֆիոզների, խառոշի մարդկանց… Ուրիշ բան չկար՞ր ներկայացնելու։ Ի՜նչ պատմություններ կան։ Միգուցե նույնիսկ ընտանիքների, հայրենադարձ ընտանիքների պատմություններ՝ տարբեր տեսակի հարցերով, որոնք այսօր բոլորիս մտահոգում են»,- ասում է արվեստագետը։ Ընդհանրապես, կինոն շատ ուժեղ միջոց է մարդկանց մտածելակերպը փոխելու, ազդելու իրենց վրա։ Իսկ մենք, դժբախտաբար, Հայաստանում չենք կարողանում օգտագործել այդ հարթակը, որ մեր պատմությունը հասցնենք աշխարհին։
Նա բացահայտում է մեր մշակութային դաշտի «հիվանդությունները»՝ սկսած պրոֆեսիոնալիզմի և ճշգրտության պակասից, վերջացրած բոլորիս քաջածանոթ «ԽԾԲ»-ի արատավոր մշակույթով, որը հաճախ խեղդում է իսկական տաղանդին։ «Պետությունը չպետք է խառնվի և հետաքրքրվի, թե ինչ է անում արվեստագետը։ Նրա գործն է տալ փողը, սատարել, ճանապարհ բացել, որ արվեստագետը ստեղծագործի։ Այս օրինակով է աշխատում, օրինակ, Ֆրանսիան։ Եվ սա, դժբախտաբար, չի կատարվում մեր երկրում»։
Արդյո՞ք կա ելք ստեղծված փակուղուց դուրս գալու համար։ Նորա Արմանին համոզված է, որ կա, և այն Հայաստան-Սփյուռք անխախտելի, անկեղծ համագործակցության մեջ է։ «Երկուսով պիտի պատմենք այս պատմությունները։ Եթե միջազգային կինոարտադրողներն իմանան, որ այդ հայն ունի նաև իր թիկունքին կանգնած պետություն, իսկ պետությունն էլ ունի այնտեղ ոտք, ձեռք, խելք, միտք, երկուսով շատ ավելի ճանապարհ կկտրենք»։
Նորա Արմանիի հետ զրույցը բացահայտում է նաև նրա բազմաշերտ ու անչափ հետաքրքիր ստեղծագործական ուղին՝ Կահիրեից մինչև Փարիզ, Լոնդոն և Նյու Յորք։ Պատկերացրե՛ք մի ֆինն-իսպանական ֆիլմ, որտեղ Դոստոևսկու հերոսուհին՝ Գրուշենկան, խոսում է արևմտահայերենով։ Սա պարզապես մեկ դրվագ է նրա կյանքից, ով անդադար կամուրջներ է կառուցում մշակույթների միջև։ Նա պատմում է, թե ինչպես կարող ես մի օրում Փարիզից Լոնդոն մեկնել BBC-ի քասթինգի համար, իսկ հաջորդ օրը դեր կորցնել միայն այն պատճառով, որ Երևանում ես։ Այսպիսին է միջազգային բեմերում հաստատվելու իրական, դաժան գինը։