Նախադպրոցական ուսհաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026-ին


Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա:


 


Ապացուցողական բժշկության հետազոտությունները մատնանշում են բարձր կալորիականությամբ սննդակարգերի, հագեցած ճարպերի, տրանսճարպերի, ազատ շաքարների և կերակրի աղի չարաշահման, մրգերի ու բանջարեղենի սակավ օգտագործման կապը ճարպակալման, շաքարային դիաբետի, սրտանոթային հիվանդությունների և որոշ տեսակի քաղցկեղների առաջացման միջև:


Հայաստանում երեխաների շրջանում դիտվում է գերքաշության ցուցանիշի աճի միտում: Ուստի, վերանայվել է նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նորմատիվը` բարելավելով երեխաների համար սննդամթերքի միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը:


 


Իրականացված հիմնական փոփոխություններն են.


  • Արդիականացվել են սննդանյութերի և էներգիայի օրական ֆիզիոլոգիական պահանջի նորմերը:

  • Ավելացվել է ամբողջահատիկ պարունակող սնունդ (ամբողջահատիկ ցորենից հաց,   ամբողջահատիկ ցորենից մակարոնեղեն, հնդկաձավար, վարսակ, բլղուր, հաճար և այլն):

  • Շաքարի միջին օրաբաժինը նվազեցվել է ավելի քան 2 անգամ: Թույլ է տրվում օգտագործել ոչ ավելի, քան 5 գրամ շաքար կամ մեղր պարունակող ըմպելիք (ներառյալ` հյութեր, կակաո և այլն):

  • Թույլատրվում է որպես խորտիկ տրամադրել բանջարեղեն և միրգ` առանց ավելացված շաքարի:


Չի թույլատրվում.


  • կրեմային հրուշակեղեն,

  • քաղցրացուցիչներ պարունակող սննդամթերք,

  • շոկոլադ,

  • շոկոլադապատ արտադրանք,

  • աղանդեր (բացառությամբ` յոգուրտի կամ մրգային հիմքով աղանդերի, որոնք պարունակում են առնվազն 50% միրգ),

  • կոֆեին պարունակող ըմպելիքներ (այդ թվում` թեյ):


Նվազեցվել է օգտագործվող աղի քանակը. միջին օրաբաժինը` ավելի քան 2 անգամ.


ցանկացած այլ համեմունք թույլատրվում է տրամադրել սահմանափակ չափաբաժիններով:


Ավելացվել են թարմ մրգերի, հատապտուղների, բանջարեղենի, մշակաբույսերի, այդ թվում` չորամրգերի առկայությունը սննդակարգում:

Դիտումների քանակ1

Leave a Comment