Կապուտաչյա Սեւանը հասու միայն հարուստների գրպանին. Հայկական տուրիզմի պերճանքն ու թշվառությունը


Թեմա

Ամռան մեկնարկելուն պես բոլոր հայերը մտածում են ամառային հանգստի մասին, իսկ դրա բաղկացուցիչ մասն է կազմում լողափնյա հանգիստը: Մենք՝ հայերս, պետք է բավարարվենք միայն Սևանի առկայությամբ, բայց այնտեղ էլ այնպիսի աստղաբաշխական թվեր են գործում, որ մնում է միայն հանգիստն անցկացնել տանը՝ բազմոցի վրա: Նույնիսկ մեկ օրով Սևան մեկնելը կարող է թանկ արժենալ, իսկ անվճար լողափերն էլ մշտապես մարդաշատ են լինում:


Սևանում առկա հանգստյան տներում մեկ անձի համար միջին օրավարձը կազմում է 15-20 հազար դրամ, որի մեջ կարող է ներառված լինել նախաճաշ, բայց կարող է և չլինել: Եթե հաշվենք մեկշաբաթյա կտրվածքով, Սևանում 7 օր հանգստանալու համար անհրաժեշտ է միջինը 150 հազար դրամ, և սա՝ առանց սննդի և ճանապարհածախսի։ Սևանում կան նաև ավելի մատչելի վայրեր՝ քոթեջներ, տներ, սակայն այստեղ էլ ամառվա թեժ շրջանում գները սկսվում են մեկ անձի համար 4000-5000 դրամ օրավարձից:

«Երկու անձի համար նախատեսված քոթեջի արժեքը օրական 30.000 դրամ է. միայն նախաճաշով»,- նման առաջարկ է անում Ծաղկաձորի հյուրատներից մեկը:

Ծաղկաձորում հյուրանոցային 1 օրը մեկ անձի համար կարժենա նվազագույնը 33.000 դրամ՝ ստանդարտ համարի դեպքում, կրկին միայն նախաճաշով, ընթրիքի դեպքում՝ կավելանա 4000 դրամ:

Այստեղ, սակայն, կան նաև մատչելի հյուրատներ, որոնք առաջարկում են երկտեղանոց համարներ՝ սկսած 15.000-18.000 դրամից՝ նախաճաշի դեպքում, 3000-ական դրամ էլ կկազմեն ճաշը և ընթրիքը:


Leave a Comment