Վերջերս «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն ու այլ արեւմտամետներ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դիմաց ակցիա էին իրականացնում՝ պահանջելով անհապաղ դադարեցնել ռուսական պետական հեռուստաալիքների հեռարձակումը եւ կասեցնել «Սպուտնիկ Արմենիայի» գործունեությունը ՀՀ տարածքում։ Եվ սա ներկայացնում էին՝ իբր «արժանապատվության, ինքնիշխանության եւ տեղեկատվական անվտանգության պայքար»:
Այս ամենն ուշագրավ է ոչ միայն այն համատեքստում, որ Արման Բաբաջանյանը դրանից ընդամենը շաբաթներ առաջ, երբ Իրան-Իսրայել պատերազմն էր պայթում մեր գլխին, հայտարարում էր, թե իբր «պահի ճակատագրականությունը» գիտակցելով՝ դադարեցնում է հակառուսական ակցիաները եւ ակամայից փաստում, որ խաղաղ ժամանակ իր համար Ռուսաստանը «սպառնալիք» է, իսկ պատերազմական իրադրությունում՝ անվտանգության հենասյուն։ Այլ հատկանշական է նաեւ նրանով, թե ինչու հանկարծ նորից ակտիվացան իրենց ռուսաֆոբ ակցիաներով։
Պարզվում է՝ ռուսական լրատվամիջոցների դեմ ակցիային Երեւանում մասնակցել է ո՛չ ավել, ո՛չ պակաս Դոնալդ Ուիլսոն Բուշը՝ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Ուիլսոնի ընտանիքի ժառանգը։ Այո՛, հակառուսական ակցիան Երեւանում՝ փաթեթավորելով, որպես «ինքնիշխանության» եսիմինչ, իհարկե, պետք է «օրհնեին» Միացյալ Նահանգներից: Բայց անձամբ Դոնալդ Ուիլսոն Բուշի մակարդակո՞վ: Սա թերեւս մի բանի մասին է հուշում՝ արմանբաբաջանյանների հակառուսական քայլերի մասին հաշվետվություններին այլեւս ԱՄՆ-ում չեն հավատում եւ անձամբ՝ վերստուգիչ են նշանակել:
Իսկ ի՞նչ է կորցրել Դոնալդ Ուիլսոն Բուշը Երեւանում՝ բացի արեւմտամետների ակցիաները վերահսկելուց. սա էլ ոչ պակաս ուշադրության արժանի է: Վերջին տարիներին նա բնակություն է հաստատել Հայաստանում: Ներկայանում է՝ որպես Վուդրո Վիլսոնի ժառանգության հիմնադրամի եւ Հայկական ազգային ասոցիացիայի նախագահ: Ամուսնացել է հայուհու հետ ու հանկարծ որոշել զբաղվել հայկական հարցերով: Իսկ նախորդ ամիս այցելել է ՀՀ խորհրդարան ու փակագծեր բացել. «14 տարվա լուռ աշխատանքից եւ մանրամասն պլանավորումից հետո՝ սա իմ առաջին այցն է ՀՀ Ազգային ժողով»։
Այդ ի՞նչ լուռ աշխատանք է, կհարցնեք դուք: Համենայնդեպս, ինքը՝ Դոնալդ Ուիլսոն Բուշը, ներկայացնում է, թե Վաշինգտոնը կապելն է Երեւանի հետ, քանի որ Հայաստանի բարձրաստիճան ղեկավարները պատրաստվում են Միացյալ Նահանգների հետ գործընկերությանը։ Մինչդեռ համացանցում այլ շրջանառվող տեղեկություններ գտանք վերջինիս գործունեության մասին: Ասում են, թե՝ ԱՄՆ 28-րդ նախագահի ծոռ Դոնալդ Վիլյամ Բուշը՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության նախաձեռնությամբ, ստեղծել է մի կազմակերպություն, որն իր ձեւով նման է «Հայ Դատին» եւ, ինչպես վերեւում նշել էինք, կոչվում է «Հայկական ազգային ասոցիացիա»։ Նրանք յուրաքանչյուր երկրում ունեն ներկայացուցիչներ, այսպես կոչված՝ գործակալներ։ Սովորաբար այդ գործակալները ոչ մասնագիտական պատրաստվածություն ունեցող մարդիկ են՝ պարզապես հայրենասեր հայեր, ովքեր ուզում են ինչ-որ լավ բան անել իրենց հայրենիքի համար։ Բայց նրանց հայրենասիրությունն օգտագործվում է, մեղմ ասած, սխալ նպատակներով։ Ահա հենց այստեղից էլ կարելի է ենթադրել, թե ինչու է նա գտնվում Հայաստանում։
Ի դեպ, Արցախի կորստից եւ արցախցիների հայրենազրկումից հետո՝ Դոնալդ Ուիլսոն Բուշը, սոցցանցում հրապարակային շնորհակալություններ է հայտնել Քաշաթաղի (Լաչին) շրջանի նախկին ղեկավար Ստեփան Սարգսյանին՝ ինչ-որ հայանպաստ զեկույցի պատրաստման համար: Որքանով է այն եղել հայանպաստ, դժվար է ասել, բայց փաստն այն է, որ Արցախը չկա, իսկ Դոնալդ Ուիլսոն Բուշը իբր թունդ հայամետ Երեւանում հակառուսական քարոզի կուռացիայով է զբաղված:
Ավելին՝ ՀՀ Անկախության հռչակագրի օրը՝ օգոստոսի 23-ին, արմանբաբաջանյանները պատրաստվում են բողոքի ակցիայի՝ ընդդեմ Հայաստանում ռուսական ռազմաբազայի: Գյումրիում՝ ռուսական ռազմաբազայի դիմաց, պահանջելու են ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից։ Ըստ էության, թուրք-ադրբեջանական պետպատվերի շրջանակում Մայր Աթոռի դեմ իրականացված արշավից հետո՝ կամաց-կամաց մերձիշխանական արեւմտամետ ուժերը հող են նախապատրաստում՝ ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու ուղղությամբ: Այնպես որ, չի բացառվում, որ հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը «Վեհարանը վեհի» օպերացիայից հետո՝ անցնի «Ռազմաբազան բզի» ագրեստիվ քարոզչության:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ