Կոբախիձեն Սարգսյանի հետ հանդիպմանը հաստատել  Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ հետագայում ևս աջակցելու Երևանի և Բաքվի միջև երկխոսությանը

Արմինֆո. Հուլիսի 21-ին Թբիլիսի կատարած երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գելաձեն և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։

Հայաստանի ՆԳՆ հաղորդագրության համաձայն, կողմերը կարևորել են Հայաստանի և Վրաստանի բարեկամական ու բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև երկու հարևան պետությունների իրավապահ մարմինների սերտ ու արդյունավետ համագործակցությունը։

Ընդգծվել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության բացառիկ կարևորությունը։

Այս համատեքստում Վրաստանի վարչապետը դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը և հույս հայտնել, որ փաստաթուղթը մոտ ապագայում կստորագրվի։

Իրակլի Կոբախիձեն վերահաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ ապագայում ևս նպաստելու երկխոսությանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը։

Leave a Comment